«Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում». Սևակ Ամրոյանը

Երգիչ Սևակ Ամրոյանը երեկ նշում էր հոբելյանական 30-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ օրն սկսել է ծանոթ-անծանոթների կողմից բազմաթիվ շնորհավորանքներով:

«Մտածում էի, որ ծննդյանս օրը պետք է մի փոքր մեծ նշեմ, բայց կարանտինային օրակարգից ելնելով ընտանիքի անդամներով ենք նշում: Երբեք մեծ խնջույքներ չեմ սիրել, բայց 30-ամյակը նշել պետք էր: Չեմ նեղսրտում, այս տարի էլ թող այսպես ստացվի: Մեր տուն անակնկալ տորթեր էին ուղարկել, բայց շատ անակնկալներ չեն եղել, քանի որ ծնունդս չէի նշում»,-ասաց նա :

Սևակի խոսքով` մեծանալուց  մի փոքր վախենում է. «Երբ անցած ճանապարհ ես ունենում, ճիշտ ես ապրում, հպարտանալու անցյալ ես ունենում, համակերպվում ես տարիքիդ հետ: Պետք է այնպես ապրել, որ արածդ գործերից չամաչես: Այս տարի մի բան եմ նկատել. նրանք, ումից սպասում էի, որ ավելի շուտ կզանգեին, կամ ուշ զանգեցին, կամ ընդհանրապես չշնորհավորեցին: Նրանք, ումից չէի սպասում, հաճելիորեն զարմացրին ինձ»:

Երգիչն ասաց, որ երազող մարդ է ու տորթի մոմերը փչելիս, անպայման, երազանք է մտապահում: Երազանքներից շատերն էլ վաղ, թե ուշ իրականություն են դառնում:

Խոսելով նախորդ և հաջորդ տասնամյակի նպատակների մասին`Սևակը նշեց. «Ես ինքնաքննադատ մարդ եմ ու որքան էլ արտերկրում համերգներ եմ ունեցել, ինձ համար դա քիչ է: Կան նպատակներ, որոնք հասցրել եմ իրագործել, շատ նպատակներ էլ կան, որոնք կապում եմ հաջորդ տասնամյակի հետ: Այս տարի`իմ 30-ամյակին, միտք ունեի Հայաստանում մենահամերգ ունենալ, այդ նպատակս կիրագործեմ հաջորդ տարի: Նպատակ ունեմ ներկայանալ բենդով, որը հավաքել եմ կարանտինային օրերի ընթացքում: Մի քանի երգ արդեն ձայնագրել ենք, կփորձեմ եկող տասնամյակում այլ ձևաչափում հանդես գալ»:

Հարցին՝ այս տարվա նպատակների մեջ ամուսնությունը մտնու՞մ է, երգիչը պատասխանեց. «Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում: Հիմա ամեն ինչ կախված է կարանտինային օրակարգից և դրա հետ փոխկապակցված ֆինանսական վիճակից: Չեմ բողոքում, որովհետև բոլորս նույն նավի մեջ ենք, բայց այդ խնդիրը բոլորն ունեն»:

Զրույցի վերջում Սևակն իրեն ու բոլորին առողջություն մաղթեց: