Խոշոր ավտովթար Երևանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենաների և կողաշրջվել. վարորդին, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, առաջինը օգնոթյան են հասել «Մեծ անիվ» ընկերության աշխատակիցները.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Մեծ անիվ» ընկերության ավտովերանորոգման և «Մաքս Օյլ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, նա բախվել է 3 այլ տրանսպորտայիյն միջոցի, իսկ կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոններից 3-ը պոկվել և մոտ 50 մետր շպրտվել են՝ վնասելով Ford մակնիշի 36 RՍ 723 համարանիշի ավտոմեքենան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու կատարել լվացման աշխատանքներ։ Վիրավորին նաև առաջինը օգնության են հասել նշված բենզալցակայանի աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.