Գրիզման․ Մանրուքների պատճառով տանուլ ենք տալիս խաղը, առաջնությունը, Չեմպիոնների լիգան

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է 2։3 հաշվով պարտությունը Մադրիդի «Աթլետիկոյից» Սաուդյան Արաբիայում անցկացվող Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում։ Գրիզմանն այս խաղում առաջին անգամ գրավել է նախկին թիմի դարպասը։

«Չգիտեմ՝ ինչպես բացատրել այս պարտությունը եւ մեր սխալները։ Վերջնամասում մրցակիցն առավելագույն ուժով խաղաց, ինչը բերեց մեր պարտությանը։ Պետք է վերլուծել խաղը, աշխատել եւ առաջ գնալ։

Չնչին սխալների, մանրուքների պատճառով տանուլ ենք տալիս խաղը, առաջնությունը, Չեմպիոնների լիգան։ Պետք է աշխատել եւ շտկել սխալները։

VAR-ը պետք է ֆուտբոլին օգնելու համար։ Երբեմն այդ համակարգն օգնում է, երբեմն աշխատում է մեր դեմ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթն առաջին անգամ է անցկացվում նոր ձեւաչափով՝ կիսաեզրափակիչից։ Առաջին անգամ տիտղոսը չեն վիճարկի չեմպիոնն ու գավաթակիրը։ Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում գավաթակիր «Վալենսիան» 1։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։