Ամբողջ դպրոցի պարծանքն էր. ուսուցիչներն ու հարևանները՝ հակառակորդի կրակոցից զոհված Արթուրի մասին

NEWS.am-ը գրում է

Աշխարհում ինչքան լավ բան կա, կարող եմ ասել Արթուրի մասին, նա որպես մի թանկ հուշ մնաց մեր բոլորի սրտերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված Արթուր Մուրադյանի հարևանուհին՝ տիկին Ֆենյան: Արթուր Մուրադյանը գրեթե 10 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում պայքարում էր կյանքի համար, սակայն բժիշկները, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան փրկել նրա կյանքը․ նա մահացավ հուլիսի 22-ին: Հարևանուհին արցունքն աչքերին պատմում է, որ ամբողջ թաղամասը 10 օր է, ինչ, իմանալով Արթուրի վիրավորվելու լուրը, տխուր վիճակում է, բոլորը մաղթանքն աննդհատ նույնն էր՝ միայն, թե ապաքինվի։

«Աթուրը մի հրաշք, թանկ, գանձ բալիկ է եղել մեր Մալաթիա համայնքի համար: Անթերի տղա էր: Ոչ մի բացասական բան չենք տեսել, ամբողջ հարևանության մեջքը կոտրել է այդ բոթը», նշել է տիկին Ֆենյան:

Մեր դպրոցի պարծանքն  էր Արթուրը, ասել է դասղեկ Սվետլանա Գևորգյանը։

«Հիշում եմ նրա առաջին այցը դպրոց եւ առաջին ժպիտը, այդպիսին էլ հիծում եմ նրան մինչեւ հիմա։ Նա միշտ պոզիտիվ է եղել, բոլոր հարցերում ու մանրուքներում, շատ նրբանկատ։ Մայրն էլ, երբ գալիս էր դպրոց՝ որդու առաջիմությամբ հետաքրքրվելու, երկար զրուցել ենք, ասում էր՝ որդիներից ավելի նրա հետ էր մտերիմ, բոլոր հարցերով կարելի է խոսել նրա հետ։ Ընդունվելուց հետո էլ եկավ, փաթաթվեց, շնորհավորեցի, որ ընդունվել է։ Նրա մեջ անմիջապես նկատվեց առաջնորդողի հոգեբանությունը։ Աստիճանաբար նա իր շուրջը համախմբեց ամբողջ դասարանը եւ դարձավ բոլորի սիրելին։ Շատ ափսոսում եմ մեր Արթուրի համար։ Ծառայության ընթացքում էլ, լսելեմ, թեեւ ժամկետային էր, բայց ցանկություն ուներ գնալ առաջնագիծ, մարտական դիրք պաշտպանել։ Շատ, շատ հայրենասեր տղա էր, մեր Արթուրը», ասել է դասղեկ Սվետլանա Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 22-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։