Այսօր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է. ինքնատիպ ելույթ՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին

Հայ ճանաչված կոմպոզիտոր եւ դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են ինքնատիպ ելույթով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան եւ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը, համացանցում զետեղել են Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի համատեղ գրված Հայկական ռապսոդիա եւ Տոնական ստեղծագործությունները՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի եւ Արթուր Գրիգորյանի կատարմամբ։

Հատկանշական է, որ այս գործերը հեղինակել են հայ կոմպոզիտորական դպրոցի գագաթները։ Բացի այն փաստից, որ սեպտեմբերի 23-ը Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ինչն առավել խորհրդանշական է դարձնում ծրագրային ընտրությունը։
Հայկական ռապսոդիան երկու դաշնամուրների համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորների ստեղծագործական անհատականությամբ։ Տոնական ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ արգասիքն է։