Լևոնը միշտ թույլ է տալիս, որ ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն. Արիանա Կաոիլի.

Նրա առաջին սերը շախմատն էր, հետո՝ տնտեսագիտությունն ու քաղաքականությունը, աակայն 11 տարի առաջ իր կյանքում հայտնվեց հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը,  ով էլ դարձավ երիտասարդ ֆիլիպինուհու ամենամեծ սերը:

2013 թվականից Արիանան բնակվում է Հայաստանում, մեկ տարի առաջ էլ հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որից անվճար օգտվում են բոլոր ցանկացողները:

2015 թվականի փետրվարի 18-ին զույգը նշանադրվեց, բոլորովին վերջերս էլ Լևոն Արոնյանը հայտարարեց՝ հարսանեկան արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում:

Aysor.am-ը զրուցել է Արիանա Կաոիլիի հետ՝ անդրադառնալով գործնական ու անձնական կյանքի բացառիկ դրվագներին, հայաստանյան զվարճալի պատմություններին ու ապագա ամուսնու հետ հարաբերությունների հեշտ ու դժվար կողմերին:

— Արիանա, ժամանակին դուք բավական լուրջ հաջողությունների էիք հասել շախմատի ասպարեզում: Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ ակտիվ շախմատից:

— Շախմատն իմ կյանքի առաջին սերն է եղել: Երկար տարիներ եմ զբաղվել, բավականին լավ էի խաղում: Իմ տարիքային խմբում լավագույններից էի… Սակայն մի պահ եկավ, երբ որոշեցի բժշկություն սովորել: Բնականաբար, քանի որ համալսարանում էի սովորելու, շախմատի համար այլևս ժամանակս չբավականացրեց:

— Փաստորեն, դպրոցն ավարտելուն պես հեռացել եք ինտելեկտուալ սպորտից:

— Չնայած այն հանգամանքին, որ 16 տարեկանից հետո էլ մասնակցել եմ մի շարք մրցույթների՝ ներառյալ օլիմպիական խաղերը, սակայն համարում եմ, որ պրոֆեսիոնալ շախմատից հեռացել եմ 15 տարեկանից… Կխոստովանեմ՝ շատ դժվար էր ինձ համար այն շրջանը, երբ իմ «առաջին սիրուն» փոխարինեցի համալսարանով: Բայց կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հնարավորություն ունեցա ուժերս փորձել այլ ոլորտներում: Փոքր հասակում շախմատով զբաղվելն ընդլայնեց միտքս ու թույլ տվեց տարբեր ասպարեզներում հեշտությամբ յուրացնել գիտելիքները: Բայց ամենակարևոր բանը, որն ինձ տվել է շախմատը, Լևոնի հետ հանդիպումն է (ժպտում է, հեղ.):

— Բժշկությունը կիսատ թողեցիք և անցաք տնտեսագիտությանը: Ինչո՞ւ:

— Ի սկզբանե տարված էի բժշկությամբ, քանի որ հայրիկիս ընտանիքում, բացի իրենից, գրեթե բոլորը բժիշկներ էին՝ նյարդավիրաբույժներ, սրտի վիրաբույժներ, ովքեր աշխատում էին ԱՄՆ-ում: Բայց չկարողացա երկար մնալ այդ ոլորտում, քանի որ արյունը չեմ կարողանում հանդուրժել, ատում էի արյան տեսարանը: Հետագայում ինձ սկսեցին առավել հետաքրքրել քաղաքականությունն ու տնտեսագիտությունը, որը դարձավ իմ երկրորդ սերը: Այն կարծես սերում էր շախմատի ու ճամփորդությունների նկատմամբ տածած իմ սիրուց: Դեռևս 8 տարեկանում իմ կարդացած առաջին գրքերից էր Արիստոտելի աշխատությունը: Քաղաքականության և տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո մասնագիտացա հանրային ռազմավարության խորհրդատվության ոլորտում:

— Հետևո՞ւմ եք հայաստանյան քաղաքական կյանքին:

— Տարիներ առաջ իմ մագիստրոսական թեզը ես գրել եմ հայկական թեմայով՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին: Քաղաքական դաշտը շատ եմ ուսումնասիրել, հետևում եմ անցուդարձին: Հայաստանում այն բավականին հետաքրքիր է: Ճիշտ է, հանրությունը հաճախ բացասական է արտահայտվում, սակայն իրավիճակն այնքան էլ վատ չէ: Իհարկե, վատն էլ կա, բայց միջազգային համատեքստում հաշվի առնելով ռեսուրսները, հնարավորությունները, Հայաստանն այնտեղ է, որտեղ ենթադրաբար և պետք է լիներ:

— Կա՞ն հայ գործիչներ, որոնց աշխատանքները շատ ավելի ճիշտ եք գտնում:

— Կնշեմ Վաչե Գաբրիելյանին, ում առաջին անգամ հանդիպել եմ իմ թեզի շրջանակներում հարցազրույց վերցնելու ժամանակ: Նա այդ տարիներին ֆինանսների նախարարն էր: Հույս ունեմ, որ հիմա էլ արդյունավետ աշխատանք է կատարում:

— Հանրությունն առավել ծանոթ է «Ճամփորդ» շաբաթաթերթի շրջանակներում տարվող Ձեր գործունեությանը: Ամբողջական, ի՞նչ զբաղվածություն ունեք Հայաստանում:

— Գործունեությանս կարևոր բաղադրիչն իմ խորհրդատվական «Akron Consulting» կազմակերպությունն է, որը համագործակցելով կառավարության հետ՝ փորձում է հանրային և մասնավոր ոլորտում գործող կազմակերպությունների փոխհամագործակցությունն առավել արդյունավետ դարձնել: Մենք հանրային ռազմավարության շրջանակներում խորհրդատվություն ենք տալիս կառավարությանը: Ուզում ենք այնպես անել, որ մասնավոր սեկտորի հետ փոխըմբռնումն առավել արդյունավետ լինի: «Ճամփորդի» միջոցով փորձում ենք մեծացնել հասարակության ներգրավվածությունը պետության կառավարման, հանրային ռազմավարության մշակման մեջ: Երկրի՝ առաջընթաց ունենալու համար շատ կարևոր է, որ նրա հասարակությունն անկողմնակալ աղբյուրից տեղեկանա տնտեսական ու քաղաքական զարգացումներին: Սովորական քաղաքացին պետք է իմանա՝ ինչո՞ւ այս կամ այն որոշումն ընդունվեց, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ… Իհարկե, մենք կատարյալ չենք, սակայն փորձում ենք մեր ուժերի ներածին չափով լավագույնս կատարել մեր առջև դրված խնդիրները:

— Արիանա, արդեն 10 տարուց ավելի է, բոլորը Ձեզ ճանաչում են նաև որպես Լևոն Արոնյանի հարսնացու: Գուցե այս պատմությունը շատ եք պատմել, բայց կբացահայտե՞ք մեզ համար Ձեր ծանոթության անհայտ դրվագները. ինչպե՞ս ծնվեց երկու շախմատիստի միությունը:

— Լևոնը և ես մոտ ընկերներ ենք եղել մոտ 11 տարի: Մեր հանդիպումն իրականացավ իմ ավստրալացի մարզիչ Ալեքս Հոլի միջոցով: Նա ինձ մարզել է՝ սկսած 6 տարեկանից: Մեկտեղ, հետևում էր Լևոնի քայլերին, երբ վերջինս դեռ 13 տարեկան էր: Երբ մի քիչ մեծացա, որոշեց, որ ես ու Լևոնը պետք է մտերմանանք: Նա գտնում էր, որ մենք կարող ենք կատարյալ զույգ դառնալ: Այժմ առանց երկմտելու կասեմ, որ ոչ մի ուրիշ տղամարդ իմ կյանքն այնքան չէր փոխել, որքան նա: Սկսած 15 տարեկանից՝ Լևոնն իմ լավագույն ընկերն ու իմաստության հուսալի աղբյուրն է:

— Հայերը խանդով են ընդունում օտարազգի հարսնացուներին, բայց Ձեզ, կարծես թե, հաջողվեց սիրաշահել պահանջկոտ հայերին:

— Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Աշխարհի բոլոր անկյուններում էլ մարդը մարդ է մնում, ով տեսնելով իրական, անկեղծ սեր՝ ընդունում է այն ու ոգեշնչվում: Ավելորդ եմ համարում խոսել ազգային պատկանելության մասին: Ժամանակին կային մարդիկ, ովքեր անընդհատ շեշտում էին, որ ես հայ չեմ, այդ գործոնն օգտագործում ու կարևորում էին: Վաղուց գիտականորեն ապացուցված փաստ է՝ երկու տարբեր գենի միացումը նպաստում է սերնդի որակական լավացմանը: Նման ամուսնություններ շատ են գրանցվում: Օրինակ, իմ մայրը հոլանդուհի է, հայրս՝ ֆիլիպինցի, Լևոնի մայրը հայ է, հայրը՝ հրեա… Այո, իմ պարագայում շատ էին խոսում, թե «չի հասկանա մեր վերքերը», ու հենց այս առումով ես կվստահեցնեմ՝ դժվար թե գտնվի ժամանակակից մի աղջիկ, որ իմ չափ տեղեկացված կլինի հայ ազգի մասին: Նույնիսկ Լևոնին «մարտահրավեր» եմ նետել՝ փորձի գտնել մի աղջկա, ով Հայաստանի մասին կիմանա ավելին, քան՝ ես, Թումանյանից, Սևակից կհիշի այնքան ստեղծագործություններ, պոեմներ, որքան՝ ես… Լևոնի հետ հանդիպելու առաջին շրջանում նույնիսկ ես էի նրան որոշակի պատմություններ պատմում հայոց պատմությունից: Չէ՞ որ դեռ 10 տարեկանում ուսումնասիրել էի Հին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը: Ես սիրում եմ Հայաստանը և դա անընդհատ ապացուցում եմ ոչ միայն բառերով, այլև՝ արարքներով:

— Միմյանց սիրող մարդիկ նաև միմյանց հետ շատ վիճում են: Հետաքրքիր է՝ ի՞նչն է լինում Արիանա-Լևոն զույգի տարաձայնությունների թեման:

— Մենք շատ տարաձայնություններ ենք ունենում՝ կապված երաժշտության հետ: Երկուսս էլ դասականի, ջազի ու բլյուզի մեծ սիրահարներ ենք, ու քանի որ այս ոլորտների մասին շատ բան գիտենք, հաճախ վիճում ենք, թե որ երաժիշտը, կատարողն է ավելի լավը: Այնպես որ մեր տարրաձայնությունները նմանատիպ աննշան հարցերում են, մեծամասամբ լուրջ վեճեր չենք ունենում: Հիմնական ու կարևոր հարցերում մենք համաձայնության ու համերաշխության մեջ ենք:

— Թեկուզ նման փոքրիկ վեճերում՝ ո՞վ է առավել ներողամիտ գտնվում և հաշտության առաջին քայլն անում:

— Կարծում եմ՝ Լևոնը շատ լավ ռազմավարություն ունի մշակած: Նա միշտ թույլ է տալիս, որպեսզի ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն (ժպտում է, հեղ.):

— Դուք Հայաստանի քաղաքացի՞ եք, հիմնովին Հայաստա՞ն եք տեղափոխվել:

— Այս պահին ես Հայաստանի մշտական ռեզիդենտ եմ, այստեղ տուն ունեմ ու ապրում եմ: Ճիշտ է, ներկա պահին հանդիսանում եմ Ավստրալիայի քաղաքացի, բայց չգիտեմ՝ ամուսնությունից հետո ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ ոչ: Այդ առումով Հայաստանի օրենքներին ծանոթ չեմ: Գուցե պարտադի՞ր է Հայաստանի քաղաքացիություն ընդունելը…

— Այնուամենայնիվ, Ձեր համատեղ հետագա կյանքը որտե՞ղ եք պատկերացնում:

— Արցախում (ժպտում է, հեղ.): Իհարկե, սա կեսկատակ-կեսլուրջ ասացի: Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ ապրեն այստեղ ու զգան, թե ինչ երկիր է սա: Տեխնոլոգիական տեսանկյունից աշխարհը գնալով ավելի ու ավելի փոքր է դառնում, նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հիմնավորվելով Հայաստանում՝ ճամփորդենք աշխարհով մեկ: Ես և Լևոնն ունենք հնարավորություն դա օգտագործելու, հուսամ՝ մեր երեխաներն էլ այդ հնարավորությունը կունենան՝ կապրեն Հայաստանում, բայց աշխարհը կտեսնեն:

— Փաստորեն, Արցախում եղել եք:

— Բազմիցս, ու դեռ շատ կլինեմ:

— Արիանա, ամեն օր հայերի հետ շփվում եք: Ո՞ր հատկանիշներն եք առավել կարևորում մեր մեջ: Նաև, կա՞ն հատկանիշներ, որոնք Ձեզ հունից հանում են:

— Ինչպես յուրաքանչյուր ազգ, հայերն էլ ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Չեմ կարող միանշանակ ասել՝ ամեն ինչ սիրում կամ չեմ սիրում, միայն կասեմ, որ հայերի հետ աշխատելը թեև հեշտ չէ, բայց անհնարին էլ չէ, ու ես սիրում եմ հայերի հետ աշխատել (ժպտում է, հեղ.):

— Իսկ ինչո՞ւմ է կայանում այդ դժվարությունը:— Առաջնահերթ, կցանկանայի նշել մի մենթալիտետի մասին, որն է համագործակցելու ցանկության բացակայությունը: Հայերը հակված չեն համագործակցություններին: Դա կարող ենք հասկանալ՝ հաշվի առնելով հայերի անցած պատմական ուղին: Չեն վստահում լայն մասաներին, նախընտրում ենք ձևավորել փոքր խմբեր ու համագործակցել դրանց ներսում: Դա կարող ենք տեսնել և՛ բիզնեսի, և՛ սոցիալական ոլորտում, գրեթե ամենուր այդպես է: Շատ փակ են, ու երբ այդ փոքրիկ, փակ շղթայից մարդը դուրս է գալիս, սկսում են նրա հետ չաշխատել, կապերը թուլացնել: Բայց պետք է նկատի ունենալ, որ լայն համագործակցությունները շատ ավելի մեծ ճանապարհներ են բացում, թույլ են տալիս առավել բարձր արժեքների հասնել: Շատ կարևոր է այդ ուղղությամբ մեզ վրա աշխատելը, դա առաջընթաց է ենթադրում:

— Հայ ընկերներ ունե՞ք:

— Այո, շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր ոչ միայն սփյուռքից, այլև Հայաստանից են: Այն երկրում, որտեղ ապրում ես, անհրաժեշտ է ընկերական միջավայր ստեղծելը:

— Հայաստանում հետաքրքիր, գուցեև՝ զավեշտալի միջադեպերի հաճա՞խ եք բախվում:

— (Ծիծաղում է, հեղ.) ամեն օր: Կպատմեմ մի իրավիճակի մասին, որն իմ կյանքում հաճախակի է տեղի ունենում. հիմնականում շաբաթ-կիրակի օրերը սիրում եմ քաղաքից դուրս անցկացնել, շրջել գյուղերում կամ սարեր ու ժայռեր մագլցել: Երբեմն ինձ հետ իմ շունն է լինում, բայց մեծամասամբ մենակ եմ գնում: Այս ճանապարհին շատ հաճախ մեքենայիս հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում՝ անվադողն է ծակվում, լույսերն են փչանում: Մի անգամ դա հայ-վրացական սահմանի մոտ է լինում, մյուս անգամ՝ հայ-ադրբեջանական, նույնիսկ հստակ չեմ էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում: Ամեն անգամ մոտական գյուղի տղամարդիկ անշահախնդրորեն ինձ օգնության են հասնում: Նույնիսկ, եթե գումարային վարձատրություն եմ առաջարկում, նրանք խստորեն մերժում են: Շատ բարի մարդիկ են: Պատկերացրեք՝ ինչ զվարճալի վիճակում եմ հայտնվում, երբ չեմ էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում, մութն էլ կամաց-կամաց վրա է հասնում: Խուճապի եմ մատնվում ու իմ կիսատ-պռատ հայերենով փորձում այդ մարդկանց ներկայացնել իրավիճակը: Երբ Պոնչիկն (Արիանայի շունը, հեղ.) ինձ հետ է, նրանք միշտ ուտելիք ու ջուր են տալիս նրան, ուշադրությունից զերծ չի մնում (ծիծաղում է, հեղ.):

— Բայց, որքան նկատում եմ, հայերենին քիչ թե շատ տիրապետում եք: Ո՞ր արտահայտություններն եք առօրյայում առավել շատ օգտագործում:

— Այո, փոքր-ինչ ծանոթ եմ լեզվին: Այն սկսել եմ սերտել, երբ սովորում ու ձայնագրում էի հայկական պոեմները, որոնք համացանցում եմ տեղադրել: Բնականաբար, առօրյայում չեմ կարող պոեզիայի լեզուն օգտագործել, օգտվում եմ ամենօրյա, «քյառթու» լեզվից ու արտահայտություններից (ծիծաղում է, հեղ.):

— Քանի որ նշեցիք քաղաքից դուրս հաճախակի մեկնելու մասին, որտե՞ղ եք առավել շատ սիրում հանգստանալ: Ունե՞ք նախընտրած վայր:

— Իմ ամենասիրելի վայրերը Լոռու մարզն ու Արցախն են: Եթե ժամանակս սուղ է լինում, ապա նախընտրում եմ Արագածը մագլցել, առավել քիչ ժամանակ ունենալու դեպքում՝ Երևանում գտնվող մի այգի գնալ, որը Դալմա Գարդեն Մոլի դիմաց է գտնվում: Դա Խորհրդային տարիներից մնացած այգի է, ու շատերը դրա մասին չգիտեն: Շատ եմ սիրում զբոսնել այնտեղ, հատկապես, երբ նյարդայնացած եմ կամ մտքերս ի մի բերելու խնդիր ունեմ:

— Հայաստան այցելողներն առաջնահերթ գնահատում են հայկական խոհանոցը: Դո՞ւք ինչ վերաբերմունք ունեք, նախընտրած ճաշատեսակներ կա՞ն:

— Ես սիրում եմ ասիական, ճապոնական, մալազիական խոհանոցները, որտեղ շատ են օգտագործում բրինձ: Դա, միանշանակ, իմն է: Բայց շատ եմ հավանում նաև հայկականը, որտեղ կառանձնացնեմ աջափսանդալը, լոլիկով ձվածեղը…

— Վերջերս Ախթալայում տեղի ունեցած Խորովածի փառատոնի ժյուրիի կազմում էիք, չե՞ք սիրում խորոված:

— Իհարկե, սիրում եմ, որքան միսն ավելի յուղոտ, այնքան ավելի լավ: Մատների հատվածն եմ շա՜տ սիրում:

— Ձեր հարազատները երբևէ հյուրընկալվե՞լ են  Ձեզ այստեղ:

— Այո, նրանցից ոմանք եղել են այստեղ, ու Հայաստանը նրանց շատ է դուր եկել:

— Արիանա, յուրաքնչյուրս կյանքի ընթացքում ունենում ենք այնպիսի մի շրջան, որը ցանկանում ենք մոռացության տալ, չհիշել: Նման շրջան Ձեր կյանքում ունեցե՞լ եք:

— Երեխա ժամանակներից մինչ օրս շատ դժվարությունների միջով եմ անցել, շատ դժվարություններ եմ հաղթահարել ու շարունակում եմ հաղթահարել: Իհարկե, կան որոշները, որոնց մասին հիշել չեմ ցանկանա: Բայց կարևորում եմ դրանց առկայությունը, քեզ ավելի ուժեղ են դարձնում ու որպես անհատականություն կերտում:  Դառնում ես այն մարդը, որը կաս այսօր: Չնայած ձախողումներին՝ ստիպում են անընդհատ փորձել ու փորձել, երբեք չհանձնվել մինչև ցանկալի նպատակիդ հասնելը: Այո՛, յուրաքանչյուր ձախողում մի նոր հնարավորություն է:

— Կյանքո՞ւմ էլ հետևում եք շախմատի օրենքներին:

— Իհարկե, շախմատը հրաշալի ուսուցիչ է, սովորեցնում է չհանձնվել ու անընդհատ առաջ շարժվել: Ես հետևում եմ այդ օրենքին՝ երբեք մի՛ հանձնվեք…