ԼՂ հարցով համաձայնագիրը կնքելիս Ռուսաստանը միայն միջնորդ է եղել. Պուտին

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորությունները։ 

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտավորությունները։ Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա երեքով ենք արել՝ նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ միասին։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», — հստակեցրել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։