Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։ Նա Aravot.am- ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։ Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։