Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ

Հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջը հստակ է՝բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը՝ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:

Ծնողները նախարարից երաշխավորություն են պահանջել, որ իրենց որդիներին այնտեղ վտանգ չի սպառնում, որ դիվերսիա չի կարող լինել: Նախարարն ասել է` տղաների անվտանգությունն ապահովված է:

«Սաղս էլ նախարարին, վարչապետին վստահում ենք, բայց թուրքի վրա վստահ չենք: Պաշտպանության նախարարը ոնց կարող է գարանտ կանգնել: Նախարարին մենք հարցրեցինք՝ թուրքի վրա գարանտ կանգնո՞ւմ ես, վստա՞հ ես, որ չի խփի, դիվերսիա չի լինի: Նա ասաց՝ ոչ, կարող ա Երևան էլ գա մտնի»,-ասաց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը:

Ծնողներից մեկի խոսքով` Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ իրենք չպետք է փորձեն գնալ բերել իրենց որդիներին, դա վատ հետևանքների կբերի: