Նախարարն ասաց` դիվերսանտները կարող են Երևան էլ գան. Զինծառայողների ծնողներ

Հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջը հստակ է՝բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը՝ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք բոլորս այդ էինք պահանջում, բայց նախարարն ասաց, որ հնարավոր չէ, որովհետև եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի, այսինքն՝ հնարավոր չէ, որ բանակը դուրս գա Արցախից»,- ասաց նա:

Ծնողի խոսքով՝ նշել են, որ երեխաները շարունակելու են արձակուրդ գալ, ովքեր կռվին մասնակցել են, կգան արձակուրդ, նրանց կփոխարինեն այստեղից՝ Հայաստանից ծառայողները. «Ամսի մեկից սկսած երեխեքը տասնօրյա ժամկետով կգան արձակուրդ»:

«Մեր պահանջը չի բավարարվել, մենք եկել էինք պահանջով, որ մեր երեխեքին բերեն Հայաստան: Երեխեքը գալու են Հայաստան, ասաց՝ ոչ, գալու են արձակուրդ, հետո գնալու են ծառայեն: Փուլային տարբերակ կմտածենք, կարող է տեղափոխվեն երեխեքը, Հայաստանի զորամասից գնան այնտեղ, այնտեղից բերեն այստեղ»,- հավելեց նախարարի հետ հանդիպած մեկ այլ զինծառայողի ծնող:

Նրանց դրսում սպասող ծնողները հավելեցին, որ իրենք դրանում վստահ չեն:

«Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն: Մենք ասացինք՝ ժողովուրդը պատրաստ է ինքնակամ գնա ու իր երեխաներին բերի, թե դատ է հասնում, ինչ է հասնում, դրան էլ ենք պատրաստ, ասաց՝ դա ձեզ ոչ մի լավ բանի չի տանի: Մենք ուրիշ բանի համար էինք գնացել, մենք այս պահին միայն մեկ բան ենք ուզում, որ մեր երեխեքն անվտանգ լինեն»,- ընդգծեց զինծառայողի ծնողը:

Նախարարի հետ հանդիպած ծնողները հավելեցին, թե վաղը 5 հոգանոց խմբով էլի պետք է հանդիպեն նրա հետ ու վերջնական խոսեն: Նրանք նշեցին, թե համաձայնություն են տվել, որ Հայաստանում ծառայող զինվորները փոխարինեն Արցախում 44 օր պատերազմում կռվող, հիմա էլ ծառայությունը շարունակող զինվորներին: