«18 օր է` չենք կարողանում գերիների և անհայտ կորածների հարց կարգավորել, մինչդեռ, ըստ գրաֆիկի, ազատում ենք տարածքներ». Հրանտ Սարկիսով

Պարտության սիմվոլը պետք է գնա: 168.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան և արցախյան երրորդ պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը:

«Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ի դեպ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Արայիկ Հարությունյանը՝ որպես Արցախի նախագահ: Նրանք երկուսով պետք է գնան, որովհետև նրանց երկուսի վրա է դրված համապատասխան պարտականությունը: Եթե հաղթեին, իրենք 2-ով էին, չէ՞, հաղթելու՝ որպես պետության ղեկավարներ: Հիմա, եթե պարտվել են, պետք է հեռանան: Կա չգրված օրենք. պատերազմում պարտված պետության ղեկավարը պետք է հեռանա: Մենք համաշխարհային քաղաքականության մեջ ունեցել ենք օրինակ, երբ հաղթանակած պետության ղեկավարն է հեռացել. Իսրայելի 5-րդ վարչապետը՝ Գոլդա Մեիրը, հրաժարական տվեց միայն նրա համար, որ իսրայելական հատուկ ծառայությունները չեն կարողացել կանխորոշել պատերազմի սկսման հանգամանքը, երբ Արաբական կոալիցիան հարձակվեց Իսրայելի վրա: Մենք էլ ունենք նման օրինակ. հաղթանակած նախագահը հրաժարական տվեց, քանի որ նրա գաղափարներն այդ պահին չէին համընկնում մնացածի դիրքորոշման հետ, ժողովրդի դիրքորոշման հետ: Հիմա ի՞նչն է պատճառը, որ պարտված վարչապետը չի հեռանում»,- նշեց նա:

Հրանտ Սարկիսովը շարունակեց՝ մենք կորցրեցինք Արցախի 80 տոկոսը:

«Ես չեմ կարողանում գնալ Եռաբլուր: Ես չեմ կարողանում գնալ իմ քեռու գերեզմանին: Չեմ կարողանում: Սա բոլորիս պարտությունն էր, որովհետև ինչ-որ մի կետում մենք սխալ ենք եղել: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և պետք է գիծը քաշել և ծանր տեմպերով առաջ գնալ: Շատ դժվար է: Իմ պահած Թալիշը, Մատաղիսը չկա այլևս, գոյություն չունի, իմը չի: Երբ ժամանակը գա, և իմ թոռները հարցնեն՝ որտե՞ղ ես ծառայել, պիտի ասեմ՝ Ադրբեջանո՞ւմ: Սա՞ են ինձ պարտադրում»,- ասաց Սարկիսովը:

Հակադարձմանը՝ ո՞րն է շարքային քաղաքացու մեղքը, Ձեր մեղքը, որ կռվել եք, բայց պետությունը չի կազմակերպել նորմալ զորահավաք, և թիկունքում խայտառակ փաստաթուղթ է ստորագրվել, արցախյան պատերազմի մասնակիցը մի փոքր լռությունից հետո արձագանքեց. «Իմ մեղքը երևի այն էր, որ չեմ զոհվել, որ հիմա էս ամեն ինչը տեսնում եմ: Երևի դրանում էր մեղքս: Դա էլ իմ մեղքն է երևի»:

Մյուս կողմից, Սարկիսովի դիտարկմամբ, որքան էլ պատերազմը ծանր էր, իսկ տեղի ունեցածը՝ փաստացի կապիտուլյացիա մեզ համար, մենք պարտավոր ենք ապրել և առաջ քայլել:

«Իսկ առաջ քայլելու համար մենք մի կարևոր խնդիր ունենք, որն արդեն 18 օր չենք կարողանում լուծել: Մենք ունենք գերիներ և անհայտ կորածներ, և պետությունը, պետական կառավարման համակարգը ցույց է տալիս իր «իմպոտենտությունը»: 18 օր է՝ մենք չենք կարողանում գերիների հարց կարգավորել, մինչդեռ մենք ըստ գրաֆիկի ազատում ենք տարածքներ: Դա ճիշտ չէ: Այդ հայտարարությունը, համաձայնագիրը եռակողմ էր, և ենթադրում էր համահավասար իրավունքներ և պարտականություններ՝ ըստ կարգավիճակի: Եթե մենք ազատում ենք տարածքները, եթե ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դեռ նոյեմբերի 10-ը չեղած արդեն իջնում էր, ո՞վ պետք է մեր գերիների հարցը կարգավորի: Ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, լայն և նեղ կազմով միջգերատեսչական հանձնաժողովի նիստեր են անցկացվում, բայց մարդիկ չգիտեն՝ ուր է իրենց երեխան, 40-50 օր լուր չունեն: Մենք՝ որպես պետություն, կա՞նք, թե՞ չկանք: Այս պահին կարևորագույն խնդիր է՝ գերիների և անհայտ կորածների հարցը: Ասում են՝ Կարմիր խաչը հարկադրանքի իրավունք չունի, բա ո՞վ ունի, ո՞վ, իմանանք՝ ումի՞ց ուզեն իրենց երեխային: Ես իմ մարտական ընկերոջն ումի՞ց ուզեմ: Ասում են՝ ՌԴ-ի նախագահից, նշանակում է՝ պետություն չունենք»,- նշեց արցախյան պատերազմի մասնակիցը:

Ինչ վերաբերում է առկա սահմանների պաշտպանության, բանակի վերակառուցման խնդրին և հնարավորություններին, երբ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով, Հրանտ Սարկիսովն ասաց, թե այսօր չգիտի՝ որտեղից է սկսվում ՀՀ սահմանը և որտեղ ավարտվում:

«Օրվա ղեկավարությունն ինձ հետ ազնիվ չի, ես չգիտեմ՝ որտեղ է սկսվում և ավարտվում իմ սահմանը: Ես չեմ հասկանում՝ Արցախում լինելո՞ւ է ՊԲ, թե՞ ոչ, որովհետև համաձայնագրի տեքստում ասվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ն Արցախից հայկական ուժերը դուրս պիտի գան, իսկ Արցախի ՊԲ-ն փաստացի համարվում է ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Ես չգիտեմ՝ ի՞նչ պիտի պահեմ, ես չգիտեմ՝ հետագայում զորակոչվողի խնդիրը ո՞րն է լինելու: Օրինակ, ես գիտեի, երբ 2014-ին զորակոչվեցի. 6 ամիս սովորեցի Լուսակերտի ուսումնահրետանային գնդում, ստացա հրետանային հաշվարկի հրամանատարի, կրտսեր սերժանտի կոչում և ուղևորվեցի Արցախ՝ պահելու սահման, շփման գիծ: Իսկ հիմա այս պահի դրությամբ չգիտեմ՝ ո՞րն է զինված ուժերի մարտական խնդիրը: Ռազմական դրություն է, ես զինապարտ եմ, և ամեն րոպե կարող եմ դիրքեր բարձրանալ, չնայած ամսի երեքին բարձրանալու եմ, բայց միևնույն է՝ չգիտեմ, թե որն է զինված ուժերի մարտական խնդիրը, ինչպես պետք է դիրքավորվեն բանակային կորպուսները: Չեմ տեսնում այդ ճանապարհային քարտեզը, որով պետք է բանակը վերակառուցվի: Իսկ բանակն անհրաժեշտ է վերակառուցել: Շատ արագ տեմպերով բանակը պետք է վերակառուցել: Չի կարող ՀՀ անվտանգության միակ երաշխավորը 18 օր լինի խոցված վիճակում: 18 օր ժամանակ կար վերարժևորելու այն, ինչ կոչվում է ՀՀ զինված ուժեր: Հիմա հարց՝ 18 օրվա ընթացքում «օպերացիա» արեցի՞նք մեր անվտանգության երաշխավորին, կարգավորեցի՞նք, թե՞ զբաղված ենք դավաճաններ և հայրենասերներ փնտրելով: Կամ՝ մենք չենք պատկերացնում, թե ինչ ենք կորցրել, կամ՝ գիտակցաբար գնում ենք նրան, թե ինչ ենք կորցնելու: Սրան եմ եզրահանգում»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պառակտման մասին տարբեր կարծիքներին և փորձերին, Հրանտ Սարկիսովը շեշտեց, որ նախքան պատերազմը քաղաքական դաշտում սև ու սպիտակն էր, հիմա՝ դավաճանների որսը: Այսինքն, ում գաղափարը, հայացքները մյուսինի հետ չի համընկնում, դավաճան է հռչակվում, բայց մարդիկ չգիտեն՝ ինչ է նշանակում՝ իրական դավաճանություն: Ըստ նրա, մեզ այսօր ավելի քան երբևէ միասնություն է պետք: