Վաշինգտոն նահանգում պղծել են hայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին

 

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում պղծել են hայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, ինչն առաջացրել է տեղի հայ համայնքի վրդովմունքը: Այս մասին հայտնում է aravot.am-ը։ Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, վանդալները  աղյուսով կոտրել են եկեղեցու պատուհանները, վնասել Հիսուս Քրիստոսի սրբապատկերը: Տեղի հայ համայնքի տարածած հայտարարության համաձայն՝ հանցագործները աղյուսը վերցրել են եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի պատից:

Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:

«Սիեթլում բնակվում է շուրջ 3000 հայ ընտանիք: Սուրբ Հարություն Հայ առաքելական եկեղեցին միակ հայկական եկեղեցին է Վաշինգտոն նահանգում, այն յուրօրինակ հավաքատեղի է հայ համայնքի անդամների համար, եկեղեցում անցկացվում են նաև հայերենի դասընթացներ: Տեղի ունեցած միջադեպը ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառել, այլ նաև վիրավորում է համայնքի անդամների հոգևոր զգացմունքները»,-ասվում է հայտարարության մեջ: