ԱՊՀ ԱԳ նախարարները քննարկելու են կորոնավիուսի դեմ պայքարի հարցը

Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեսակապով մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների նիստը 4-րդ նախարարական հանդիպումն է տեսակոնֆերանսի ձեւաչափով, որին ռուսական դիվանագիտության ղեկավարը մասնակցում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակման միջոցառումներ մտցնելու պահից: Այսպես՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը այդ ռեժիմում Սիրիայի հարցով արդեն բանակցություններ է վարել Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների, ԲՐԻԿՍ-ի գործընկերների հետ, ինչպես նաեւ նորմանդական «ձեւաչափով»:

ԱՊՀ-ում ընթացիկ տարում նախագահում է Ուզբեկստանը: Նիստի նախաշեմին ռուսական դիվանագիտական գերատեսչությունից նշել են, որ օրակարգում ներառված է 14 հարց՝ Համագործակցության շրջանակում փոխգործակցության ուղղությունների լայն սպեկտրով: Նախարարները, մասնավորապես, քննարկելու են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանը հակազդելու հետ կապված հումանիտար բնույթի խնդիրների լուծման գործում արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության հարցեր:

Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանն անուշադրության չի մատնում ԱՊՀ երկրների՝ համավարակի դեմ պայքարում օգնության ոչ մի դիմում: ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ ի հավելումն ապրիլ-մայիսին մատակարարված կորոնավիրուսի ախտորոշման 1,5 հազար թեստերի լրակազմերին՝ Մոսկվան Համագործակցության պետություններին կհատկացնի եւս 3 հազար թեստեր:

Դրանից բացի, հատուկ ուշադրություն կհատկացվի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին, պատմության կեղծման փորձերին, նացիստ հանցագործների հերոսացմանը, հուշարձանների դեմ «պատերազմին»: ԱՊՀ երկրների մեծ մասում մայիսի 9-ի տոնական միջոցառումների չափերը սահմանափակվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հանդիպման մասնակիցները քննարկելու են նաեւ փաստաթղթերի նախագծեր՝ ուղղված գործընկերային կապերի խորացմանը իրավապահ, ռազմական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Ընդունված մի շարք փաստաթղթերի նախագծեր ներկայացվելու են ԱՊՀ վարչապետների խորհրդի քննարկմանը, որը նախատեսված է մայիսի 29-ին, եւ հոկտեմբերի 16-ին տեղի ունենալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Դրանից բացի, կողմերն ամփոփելու են անցյալ տարի կատարված ԱՊՀ շրջանակում միջԱԳՆ-ական բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի իրականացման աշխատանքները եւ հաստատելու են հերթական ժամանակահատվածի համապատասխան ծրագիրը: