Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ ընդդիմադիր ուժ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի հայրենակիցներ
Մենք բոլորս, ինչպես 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստից աննախադեպ ակընկալիքներ ունեինք։
Արդարացա՞ն ակընկալիքները ընտրությունների արդյունքներից՝ կարծում ենք՝ ոչ,
կարդարանա՞ ակընկալիքները այս գումարման ԱԺ-ի աշխատանքներից՝ թերևս առաջին նիստի ընթացքը դեռևս հուսադրող չէ։
Արցախում ձևաորված կառավարման համակարգը տարիներ շարունակ բացառում էր ընդիմադիր քաղաքական դաշտի ձևավորումը: Այդ ընթացքում քաղաքական վերնախավը ապահովեց գործող կառավարման համակարգի վերարտադրությունը: Նման պայմաններում արցախյան քաղաքական կյանքը մնաց պատվիրված կամ նշանակովի, այլ ոչ թե մրցակցային: Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ, հույս կար, որ ընտրությունները սկիզբ կհանդիսանան վերջին տասնամյակների ընթացքում իրականում արդար ու թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, որը բառիս բուն իմաստով «հեղափոխություն» կառաջացնի արցախցու հոգու և մտածողության մեջ: Այս հույսից ոգևորված Արցախի ընտրողը հավատաց այն քաղաքական ուժերին, որոնք քարոզարշավի ժամանակ ջանք չխնայեցին ապացուցելու, որ իրենք դեմ են ներկայիս իշխանություններին, որ փոխելու են ներկայիս տարվող քաղաքականությունը, որ վերջ են տալու թալանին, հանցավոր հարստացմանը, որ պատասխանատվության են ենթարկելու երկրի զարգացումը ձախողած և երկիրը թալանած անձանց՝ հավատաց և կատարեց իր ընտրությունը։
ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստում մենք ակընկալում էինք բավականին ուշագրավ զարգացումների՝ զարգացումներ, որոնք կտաին այն կարևոր հարցի պատասխանը, թե արդյոք մեր երկրում տեղի ունեցածն իսկապես համակարգային փոփոխությո՞ւն է, որի հանգրվանը մեր երեխաների համար ժողովրդավար երկիր, ազատ և երջանիկ ապագայի կառուցումն է, թե՞ թվացյալ ընտրություն, որը վերածվեց իշխանության վերարտադրման:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը, հայտարարում է իրեն որպես ընդիմադիր և որպես ընդդիմադիր ուժ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին և ստիպելու է իշխանություններին կյանքի կոչելու այդ բոլոր ծրագրերը։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը դա առաջին հերթին պատասխանատվություն է։ Մենք, որպես ընդիմություն՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։
Սիրելի հայրենակիցներ, միասին Արցախում երաշխավորելու ենք անվտանգությունը և արդարությունը։