Մոսկվան փոշմանե՞լ է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հունվարի 14-ին ընդունել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին եւ Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին եւ տեղեկացրել հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման մասին։ Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակություն ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ Մինսկի խմբի համանախագահ է։ Մոսկվայի եռակողմ հանդիպման արդյունքների մասին Պուտինն անձամբ էր զանգել ու տեղեկացրել Էրդողանին, սակայն Մինսկի խմբի համանախագահ երկրներին Ռուսաստանը տեղեկացնում է ԱԳ փոխնախարարի ու դեսպանների մակարդակով։ Ավելին, Ռուսաստանը տեղյակ չէր պահել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային սպասվող հանդիպման մասին։

Ռուսաստանը փորձում է չեզոքացնել Մինսկի խումբը, գերադասելով Անկարայի ու Բաքվի հետ համագործակցությունը։ Երեւանը ներկայում դեկոր է, որի ստորագրություններն անհրաժեշտ են ռուս-թուրքական համաձայնությունները «լեգիտիմացնելու» համար։ Երեւանում չեն գիտակցում հայկական ստորագրության արժեքը, միեւնույն ժամանակ ամեն ինչ արված է դա չգիտակցելու համար՝ հպատակ քաղաքական դասի ու հակահայկական նողկալի քարոզչության միջոցով։

Միեւնույն ժամանակ, Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում եւ ժամանակ առ ժամանակ, իսկ հատկապես վերջին շրջանում ավելի հաճախ խոսում է հակամարտության երկարատեւ կարգավորման, Մինսկի խմբի եւ Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Սա հակասում է Պուտինի հայտարարությանը, թե համակարտություն այլեւս չկա, որին պարբերաբար հղում է անում Ալիեւը։ Ավելին, Պուտինը միակ համանախագահն է, ով հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։

Ի՞նչն է պատճառը։ Ռուսաստանին բնականաբար Արցախի կարգավիճակը չի հետաքրքրում, ավելի ճիշտ՝ կարգավիճակի խնդիրը կարող է պետք գալ Արցախում իր զորքերի կարգավիճակի եւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդիրների համատեքստում (եթե իհարկե ռուսները մտադիր են մնալ Արցախում)։ Բաքուն չի ստորագրել խաղաղապահների տեղակայման մանդատը եւ թույլ չի տալիս օդանավակայանի գործարկումը, որը ռուսների համար ուղիղ կապի հնարավորություն կլիներ։

Այդ առումով, ռուս խաղաղապահները մնում են «օդում կախված» վիճակում՝ բանավոր պայմանավորվածություններով։ Այդ խնդիրը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի ճանաչման դեպքում, որը կարող է դիմել Ռուսաստանին՝ խաղաղապահներ տեղակայելու համար։ Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբում Արցախի կարգավիճակի խնդրի լուծմանը Մոսկվան կհամաձայնի ռուս խաղաղապահների տեղակայման երաշխիքով։

Արցախի կարգավիճակի հարցն ավելին է իր ընդգրկումով, այն կարող է վերածվել ունիվերսալ ճնշման լծակի մի կողմից Արեւմուտք-Ռուսաստան, մյուս կողմից՝ Մոսկվա-Բաքու հարաբերություններում։ Բացի խաղաղապահների ու օդանավակայանի խնդրից, Մոսկվան կանգնած է նաեւ այլ խնդիրների առջեւ, որոնք կապված են Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի եւ հանցագործությունների հետ, որոնք նույնպես կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Մոսկվայի համար։

Կաշխատի՞ Մոսկվան Մինսկի խմբում, որը նրան հետաքրքիր է միայն իր նախաձեռնությունների «լեգիտիմացման» տեսակետից։ Առավել եւս, որ Հայաստանը որպես սուբյեկտ առայժմ հաջողությամբ չեզոքացված է ոչ միայն եռակողմ հայտարարություններով, այլեւ Հայաստանում ձեւավորված Նիկոլ+17 սխեմայով։