«Գյուղում խուճապ չկա, դրանք համացանցում պտտվող լուրեր են»

Սյունիքում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից՝ հայկական շահեկան դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո, տարբեր կարծիքներ հնչեցին, որ Ադրբեջանը հաջորդը քայլով ձգտելու է հասնել Տիգրանաշեն գյուղին, որպեսզի ամբողջովին Հայաստանը հայտնվի շրջափակման մեջ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Տիգրանաշենի՝ Քյարքիի հետ կապված  ասել էր, որ Շուռնուխից հետո հաջորդը Տիգրանաշենն է։

«Ես պետք է անկեղծ ասեմ՝ ինձ ապշեցնում է Հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի այս աստիճան անտարբերությունը։ Ժողովրդի լայն զանգվածները դեռ մի կողմ դնենք՝ բա մտավորականությո՞ւնը։ Բա քաղաքական, ռազմական, հոգևոր վերնախա՞վը։ Ո՞նց, էլի, ո՞նց է կարողանում մի ստոր դավաճանն այսպես խաբել ողջ ազգին։

Ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու։ Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի, նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղը, ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ…

Հիմա խնդրում եմ, դուք ինձ բացատրեք՝ ինչո՞ւ ենք մենք այդքան ծանր տանում Շուռնուխի հանձնումը, բայց չենք նկատում ճիշտ նույն պահին Արցախից մնացած վերջին բեկորների փաստացի կորուստը։ Որովհետև Շուռնուխը ՀՀ տարածքո՞ւմ է։ Լո՞ւրջ։ Մինչև հիմա Հայաստան ու Արցա՞խ ենք անում։ Դե ի՞նչ ասեմ, ուրեմն եկեք պատրաստվենք Տիգրանաշենի դեպքերին…»,- ասել էր նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գործողությունները, չի զարմանա, որ նա Ադրբեջանի քարտեզն իր դեմ դրված՝ որոշի նաև Տիգրանաշենը թշնամուն հանձնելու մասին։

168.am-ի հետ զրույցում Պարույր Սևանկի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանն ասաց, որ երկու օր է, ինչ ստանձնել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, սակայն վստահ է, որ գյուղում որևէ խուճապ չկա։

«Նման տեղեկատվություն մենք չունենք, տեղյակ չենք, որ նման բան պետք է կատարվի. գյուղում խուճապ չկա, և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ես այսքան բան կարող եմ ասել, դրանք համացանցում պտտվող լուրեր են»,- շեշտեց Լ. Ստեփանյանը։

Դիտարկմանը՝ Շուռնուխում էլ սկզբում իշխանության ներկայացուցիչներն ասում էին՝ որևէ բան թշնամուն չի անցնելու, սակայն բնակիչներն անակնկալի եկան, երբ նրանց ասացին, որ շատերի տները մնալու են ադբեջանական զինուժի հսկողության տակ, մեր զրուցակից ասաց, թե սիրում է խոսել այն բաների շուրջ, որոնք իրականում կատարվում են, իսկ մնացյալը ենթադրություններ են։

Ավելին ՝ այստեղ