Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել ՝ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում

Հունվարի 24-25-ը Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը` ի հիշատակ սպորտի վարպետ Եվգենի Տրուխինի:

Մրցաշարին մասնակցում էին 250 ուժեղագույն պատանի ըմբիշներ Ուկրաինայից, Իսրայելից, Բելառուսից, Լեհաստանից, Մոլդովայից, Լիտվիայից, Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի անդամները նվաճեցին երեք բրոնզե մեդալ:

Մրցաշարի կազմակերպիչներից և ֆինանսական գործընկերներից մեկը` Զապորոժիեի շրջանի հայերի միությունն էր և միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, ով մեծ ուշադրություն է դարձնում Զապորոժիեի շրջանում սպորտի զարգացմանը: Մրցաշարի ընթացքում Արտաշես Սարգսյանը և նրա տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման գործում համակարգված աջակցության և նշանակալի ներդրման համար պարգևատրվեցին մրցաշարի պատվավոր մեդալներով:

Հայաստանի հավաքականին, որը մրցաշարին մասնակցում էր Ուկրաինայի պատվավոր մարզիչներ Մուրադ Սարգսյանի և Լավրենտի Մայլամյանի հրավերով, Զապորոժիեի հայկական համայնքը ջերմ ընդունելություն էր պատրաստել: Պատանիների և նրանց մարզիչների համար կազմակերպվեց շրջագայություն քաղաքով, որը ներառում էր այց՝ Զապորոժիեի հայ առաքելական եկեղեցի: