Ի՞նչն է Արամեին հունից հանել նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ

Րոպեներ առաջ տեղի ունեցավ երգիչ Արամեի՝ «Ալագյազ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։
Տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը Showbiz.am կայքի հետ զրույցում նշում է, որ տեսահոլովակի նկարահանումները սկսել էին կարանտինային ռեժիմի սկզբնական ժամանակահատվածում, երբ դեռ այդքան խստացումներ չկային։
«Դժվար չէր, որովհետև նկարահանումները բացօթյա վայրում էին՝ քաղաքից դուրս՝ սարերի վրա։ Մեծ կազմ չէր մասնակցում՝ օպերատորներն էին, ես ու Արամեն։ Քիչ էինք և պահպանում էինք անվտանգության կանոնները»,-ասում է ռեժիսորը։

Սյոման խոստովանում է, որ երգի ընտրությունը ստացվել է պատահական։
«Չէինք մտածում, որ հենց այս երգի հիման վրա կնկարահանենք տեսահոլովակը։ Այնպես ստացվեց, որ Արամեն իր ակումբում կենդանի կատարմամբ ներկայացրեց երգը երկրպագուներին և արձագանքը շատ դրական ու լավը եղավ։ Որոշեցինք ներկայացնել այն՝ նոր մոտեցմամբ, նոր գործիքավորմամբ։ Գործիքավորման առաջարկ արեց Կարեն Սևակը։ Արամեն փորձեց նորովի ներկայացնել երգը, այն լսելուց հետո որոշեցինք, որ պետք է նկարահանել տեսահոլովակ»,- պատմում է Կոդաբաշյանը։
Ռեժիսորը նաև նշում է, որ տեսահոլովակում պետք է աղջիկ նկարահանվեր, բայց քանի որ դրա համար հարկավոր էր քասթինգ անցկացնել, նա այլընտրանք գտավ։
«Արտասահմանում կան այնպիսի ծառայություններ, որոնք քո փոխարեն անցկացնում են քասթինգը, ընտրում մոդելին, նկարահանում են և ուղարկում։ Այդպես էլ արեցինք»,-մանրամասնում է Սյոման։

Խոսելով նկարահանման ընթացքում տեղի ունեցած զավեշտալի դեպքերի մասին՝ Սյոման ժպիտով պատմում է՝ ինչպես է հունից հանել Արամեին։
«Արամեն միշտ բողոքում է՝ ասելով, որ միշտ իրեն զրկում եմ հարմարավետությունից։ Մի տեսարան ունեինք, որտեղ Արամեն ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ դրվագ նկարահանելու համար պետք է բարձրանար սարի գագաթը։ Նա շատ երկար բարձրացավ ու  շատ երկար իջավ ոտքով։ Նրան շատ ջղայնացրեց այդ պահը»,— պատմում է ռեժիսորն ու ծիծաղում։

Կոդաբաշյանը նաև խոստովանում է, որ կարանտինի հետևանքով խափանվեցին մի շարք ծրագրեր։
«17 մենահամերգ ունեինք աշխարհի տարբեր երկրներում՝ Թուրքիայում, Կանադայում, Ռուսաստանում և շատ այլ վայրերում, որոնք չեղարկվեցին։ Դրանց որոշ մասը, գուցե, իրականացնենք նոյեմբերին կամ դեկտեմբերին, չնայած դա դեռ հարցականի տակ է։ Մնացածի մասին լուր չկա»,- կիսվում է նա և հավելում, որ քանի որ կարանտինի վերջը դեռ չի երևում, նրանք, առիթից օգտվելով, որ Հայաստանում են, ևս մի քանի տեսահոլովակ են փորձում նկարահանել։
Շուտով Արամեն կներկայանա նոր տեսահոլովակներով, որոնց ռեժիսորները կլինեն Արթուր Մանուկյանը, Արեն Բայադյանը և կրկին Սյոմա Կոդաբաշյանը։

Ավելին․․․