Գլխավոր դատախազի ընտրությունը հարթ չի անցել. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հարցերին տրվել են լղոզված պատասխաններ

Արցախի Հանրապետության նորընտիր խորհրդարանը շարունակում է իր առաքելությունը: Հերթը ԱՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի ընտրության անցկացումն էր, որին, ամենայն հավանականությամբ, «դեմ» է քվեարկել ԱԺ«Արդարություն» խմբակցությունը: Արդյո՞ք մեր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Այս և որոշ այլ մանրամասներ ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը զրուցել է խմբակցության  ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

—         Պարոն Գալստյան, Ձեր ղեկավարած խմբակցությունը դե՞մ էր ԱՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:

—         Ընտրությունից առաջ մենք ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին երկու հարց ուղղեցինք, որոնց պատասխաններից ելնելով էլ մեր խմբակցությունը որոշում կայացրեց:

—         Ի՞նչ հարցեր հնչեցերցիք, որո՞նք խմբակցության համար դարձան կողմնորոշիչ:

—         Առաջին հարցը, որը մեզ հետաքրքրում էր, այն էր, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում Արցախի դատական համակարգի կողմից ընդունած վճիռներից միայն մեկ դեպքով է արդարացման որոշում կայացվել, իսկ մնացածը եղել են մեղադրական եզրակացություններով:

Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, և համեմատում ենք, օրինակ ՀՀ Սյունիքի մարզի դատարանի կողմից կայացրած վճիռների հետ, պարզ է դառնում, որ  Սյունիքի դատարանում 50-ից ավելի արդարացման վճիռներ են կայացվել, իսկ Արցախում պատկերը բոլորովին այլ է: Սա նշանակում է, որ Արցախի դատական համակարգը մրցակցային չէ, քանի որ մեղադրական եզրակացությունները որևէ կերպ փոփոխության չեն ենթարկվում:

Պարոն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունն առ այսօր իրականացրել է իդեալական դատաքննչական գործողություններ, որը, անգամ, այլ երկրների համար պետք է օրինակ ծառայի: Բայց, մեր կարծիքով՝ հնարավոր չէ միանշանակ իդեալական քննություն իրականացնել: Ավելին, այս մոտեցումը խոսում է այն մասին, որ Արցախում փաստաբանական գործունեությունը զարգացած չէ և չի կարողանում օրենքի շրջանակներում գործել ու լիարժեք պաշտպանել իրենց վստահորդների շահերը:

—         Ստացվում է, որ, ամեն դեպքում, Արցախի Հանրապետության դատարաններում կայացված վճիռները ո՛չ թե իդեաալական են, այլ խնդրահարույց, որոնք թույլ չեն տալիս կասկածյալներին լիարժեք պաշտպանվել:

—         Այո, դատարանների կողմից կայացրած վճիռների վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա՛մ դատախազության քննչական բաժինն է այնպես աշխատում, որ կասկածյալին լիարժեք պաշտպանվելու հնարավորություն չի տրվում, կա՛մ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէ, որ կարողանան լիարժեք պաշտպանել իրենց վստահորդներին:

—         Այնուամենայնիվ, ԱՀ գլխավոր դատախազն ընտրվեց: Ո՞րն է լինելու Ձեր խմբակցության հաջորդ քայլը:

—         Մեր երկրորդ հարցադրումը վերաբերում էր ուժային կառույցների կառուցվածքին, քանի որ Արցախում ամեն ինչ մի փոքր այլ է: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացիները կարող են դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, ապա Արցախի քաղաքացիները դրա իրավունքը չունեն:

Մեր հարցին, թե՝ ի՞նչ պետք է անել, այս իրավիճակը շտկելու համար, պարոն Աղաջանյանը անորոշ պատասխանեց: Բայց, մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվեն կամ ոտնահարվեն: Մենք, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, որպեսզի սատարենք մեր քաղաքացիներին և թույլ չենք տալու, որ նրանց շահերը ոտնահարվեն:

Արցախի Հանրապետության ԱԺ«Արդարություն» խմբակցությունը գլխավոր դատախազի թեկնածուից ակնկալել է, որպեսզի նախորդ իշխանությունների կատարած աշխատանքի մասին ևս գնահատական հնչեցվի, սակայն, տեսնելով, որ թեկնածուն նախկին իշխանությունների գործողությունները նորմալ է համարում և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունի, ցավով արձանագրել է, որ դատախազական համակարգում առաջիկայում ո՛չ մի արմատական փոփոխություններ էլ չեն ակնկալվում իրականացվել: Ու, քանի որ այդ ամենը դեմ է կուսակցության որդեգրած սկզբունքներին, ուստի այդ իրավիճակում, բնական է, խմբակցության պատգամավորները պետք է  «դեմ» քվեարկեին ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի թեկնածությանը:

 

Արմինե Գրիգորյան