Հարգելի՛ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ձեզ պատմությունը կհիշի որպես սև քարոզչությամբ զբաղված նախարարի. Շաքե Իսայան

Շաքե Իսայանը գրում Է`

Հարգելի՛ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (պաշտոնը հատուկ եմ նշում՝ Ձեզ հիշեցնելու Ձեր կոչումը),

 

Այս օրերին, երբ Ձեր ղեկավարած ոլորտը համավարակի կառավարման մարտավարությունը տապալել է, երբ հիվանդներին նշանակվում է 10-20 անգամ թանկ բուժում, քան նախարարության պրոտոկոլով է հաստատված, երբ հիվանդին սխալ են ախտորոշում և սիստեման կեսից անջատելով ուղարկում են տուն երկկողմանի թոքաբորբով, իսկ հետո զանգում են և հետ կանչում՝ ասելով սխալվել ենք, դուք կորոնավիրուսով եք վարակված, և վերջապես, երբ մարդիկ ուղղակի մահանում են, որովհետև հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան ու չեն կարողանում բուժօգնություն ստանալ, Դուք, հարգելի՜ առողջապահության նախարար, առանց կնիքի և ստորագրության (հետևաբար առանց որևէ իրավական ուժի) թղթի կտոր եք հրապարակում և զրպարտություն տարածում:

Շնորհավորում եմ, Դուք ինչպես համավարակի սկզբում, այնպես էլ հիմա, Ձեր տեղում չեք:

Այս օրերն էլ կանցնեն, և այս իրավիճակի բոլոր պատասխանատուները անպայման պատասխանատվության կենթարկվեն: Իսկ ահա Ձեզ պատմությունը կհիշի որպես նախարարի, ով սև քարոզչությամբ էր զբաղված, մինչ կորոնավիրուսը ռեկորդներ էր գրանցում Հայաստանի Հանրապետությունում: