Ինձ համար կարևոր է, որ այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին հասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Ինչ էլ անեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելու վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս ամենը սկսվեց, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանությանը, և մեկ կենտրոնից հրահանգված բոլոր պատգամավորները, մարզպետները, ավագանու անդամները, «հորքուրի գանձերը», բոլոր «կոֆե եփողները» հետո սոցիալական ցանցում հայհոյանքներ հնչեցրին:
Նա նշեց, որ 13 տարի է` իր հայտարարագիրը տպված է և վերջին ինը տարվա մեջ ոչ մի «ստրոչկա» չի փոխվել: «էդ որ ինչ-որ ահագնացող ձայնով տեքստեր են կարդում, Նաիրա Զոհրաբյանի միլիոնները, Դուք դերասան եք, թող հանձնարարեն Ձեզ, Դուք կարդաք: Տեղից չբղավեք և նստեք Ձեր տեղը, թե չէ Ստանիսլավսկու նման քիչ է մնում ասեմ՝ նե վերյու: Իմ հայտարարագրից ես չեմ հրաժարվում, իմ հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քանի մի քանի տարի հետո շատ պաշտոնյաների հայտարարագրեր»,-ասաց նա:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական կեղտոտ հաշվեհարդար, կեղտոտ պատվեր է կատարվում և դիմեց գլխավոր դատախազին. «Դուք` որպես մասնագետ, Ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք, մենք սկսում ենք անվստահություն հայտնելու գործընթաց, Դուք միշտ կեղտոտ քաղաքական պատվեր եք կատարել: Խմբակցությունում երկու կարծիք կար Ձեր մասով, մի մասը ասում էր` պարկեշտ մարդ է, թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ ու անբարո ձևով օգտագործեն, ասում էին, որ Դուք կընտրեք պաշտոնը վայր դնելու ճանապարհը, և Ձեր դեմ գործեր կհարուցվեր, բայց ինձ թվում էր` պատրաստ կլինեիք դրան: Դուք ունեիք շանս` ընտրելու մնալու պրոֆեսիոնալ և բարոյական մարդ մնալու տարբերակը, Դուք ամենավատթարագույն տարբերակն ընտրեցիք` ոչնչացրիք Ձեզ` որպես մասնագետ և կատարեցիք այսօր Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, մտքներովդ չանցնի, որ կարող եք մեզ վախեցնել, Դուք մեզ բյուրեղացրիք: Դուք կատարում եք քաղաքական պատվեր, և Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը շատ ուշ չի լինելու»