Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած երկրում խորհրդարանը թույլ է տալիս կալանավորել ընդդիմության առաջնորդին՝ նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից. The New York Times

Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին խորհրդարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ «Հայաստանի խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»: Փոխանցում է Tert.am-ը:

 

Պարբերականը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է իր հանդեպ հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ կատարվող գործողությունները քաղաքական շարժառիթներ ունեն:

 

Աղբյուրը նկատում է, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

 

«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,- ասվում է հոդվածում: