Տնից գրեթե դուրս չեկած կինը պատմել է՝ ինչպես է վարակվել կորոնավիրուսով եւ ինչպես է իմացել ախտորոշման մասին

Վերջին շաբաթների ընթացքում 57-ամյա Նարինեն (անունը փոխվել է պացիենտի խնդրանքով) գրեթե դուրս չի եկել տնից, միայն խանութ է գնացել, այն էլ՝ դիմակով: Այդ պատճառով նա զարմացել է, երբ հանկարծ բարձրացել է ջերմությունն ու հազ է սկսվել: 2 օր անց նրա մոտ հաստատել են կորոնավիրուսը:

 

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ իր ինքնազգացողությունը միանգամից վատացել է. առավոտյան նա իրեն լավ է զգացել, սակայն երեկոյան ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան: Նա կրծքավանդակի շրջանում ցավ է զգացել: Հաջորդ առավոտյան դիմել է բժշկի:

 

Քանի որ Նարինեն բժշկական ապահովագրություն է ունեցել, դիմել է ապահովագրական ընկերություն, որտեղից նրան ուղարկել են Երեւանի մասնավոր բուժկենտրոններից մեկը, որտեղ նրան ասել են, որ հնարավոր է՝ կորոնավիրուս լինի: Ասել են, որ հաստատելու կամ հերքելու համար լավ կլինի ԿՏ անել: Եվ քանի որ ապահովագրական ընկերությունը հետազոտության ծախսերը չի հոգացել, պացիենտը ստիպված է եղել 30 000 դրամ վճարել: Սակայն նույնիսկ վճարովի հետազոտությունը հնարավոր է եղել անցկացնել մի քանի օր անց, քանի որ հերթը շատ է եղել: Բուժկենտրոնի թերապեւտը հակաբիոտիկներ է նշանակել եւ տուն ուղարկել:

 

Նարինեն չի իմացել՝ ինչ անել: Կնոջ հարազատները նրան խորհուրդ են տվել դիմել պոլիկլինիկա: Չափելով ջերմությունն ու սատուրացիան՝ թերապեւտը Նարինեին խորհուրդ է տվել թոքերի ուլտրաձայնային հետազոտություն անցկանցել եւ կորոնավիրուսի թեստ հանձնել: Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ Նարինեի մոտ թոքաբորբ կա: Երկրորդ հետազոտության արդյունքները խոստացել են հայտնել 4 օրվա ընթացքում: Դրանից հետո նա տուն է վերադարձել:

 

Արդեն հաջորդ օրը նրան զանգել են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ազգային կենտրոնից եւ հայտնել, որ նրա թեստը դրական է: Պարզաբանել են, որ նա եւ բոլոր նրանք, ովքեր նրա հետ ապրում են կամ շփվել են, պետք է ինքնամեկուսանան:

 

Այժմ Նարինեն բուժվում է տանը: Նրա խոսքով՝ ախտորոշումն իրեն զարմացրել է, քանի որ առավելագույնս զգույշ է եղել, միայն խանութ է գնացել՝ միշտ դիմակով: Նա կարծում է, որ վարակվել է իր թոռանից:

 

Նրա խոսքով՝ երեխաները բակում առանց դիմակների են խաղում, եւ հնարավոր է, որ վարակվել է հենց երեխայից:

 

Նարինեն հավելեց, որ որոշ ժամանակ առաջ թոռան մոտ գրիպ եւ ջերմություն է եղել՝ 37 աստիճան: Մի քանի օր անց ախտանիշները անցել են, եւ հարազատները կարծել են, թե երեխայի մոտ սովորական մրսածություն է եղել: Ընտանիքի մյուս անդամների մոտ եւս 2-3 օր թեթեւ թուլություն է եղել:

 

Բարդացումներ են սկսվել միայն Նարինեի՝ ընտանիքի ավագ անդամի մոտ:

 

Ավելին