Домой Без рубрики Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 30.06.2020

Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 30.06.2020

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝  իշխանության յուրացման եւ Սահմանադրական Դատարանի տապալման դեպքերի վերաբերյալ: Հաղորդումը ներկայացրել են  «Հայրենիքից» Արսեն Բաբայանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանը: «Խոսքն արդեն երկու տարի ձգվող Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման մասին է, եւ այդ ընթացքում իրականացված ողջ գործընթացը»,-ասել է Բաբայանը:

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ հաղորդումը երեք դրվագով է՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում եւ սահմանադրական կարգի տապալում»: Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ ներկայացված փաստերը հիմնավոր են:

Իսկ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ հաստատել է փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում,  քանի որ ըստ իրավաբանների՝ այս օրենքի հապճեպ ընդունումից հետո ակնհայտ էր դարձել, որ եւս մեկ նորմ է անհրաժեշտ փոխել ՍԴ 3 հայտնի անդամներից ազատվելու համար: Խորհրդարանը նաեւ 81 կողմով ու միաձայն չեղյալ է հայտարարել 2020 թվականի փետրվարի 6-ի իր իսկ որոշումը՝ Սահմանադրության մեկ հոդվածը փոփոխելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ այս քվեարկությունը եւս ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաբարոյական՝ կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներ կան ու մյուսները պիտի մեկուսացված լինեին։ «Եթե քվորումի համար եք բերել՝ նշանակում է՝ դուք ոչ միայն խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները, այլեւ իրավական ու բարոյական հիմք եք ստեղծում, որ ՈՉ ՄԵԿԸ չենթարկվի ձեզ։ Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք, որոնց համար հակաիրավական կապրիզը ավելին արժե, քան մարդկային կյանքը», գրել է նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը համարում է, որ ՍԴ դատավորի թեկնածուների շարքում Գագիկ Ջհանգիրյանը եւ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բավարարում են պահանջներին: Հիշեցնենք, ընդդիմախոսները Ջհանգիրյանին մեղադրում են ԿԸՀ նախագահի տեղակալ լինելով 1995 թ-ին առաջին սահմանադրությունը կեղծիքներով անցկացնելու համար, Կարեն Անդրեասյանն էլ կոշտ քննադատության է ենթարկում նախկին իշխանություններին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով, NEWS.am-ի հետ զրույցում փաստը  հաստատել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը։ Ի դեպ,  Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ամիսներ առաջվա այն տեսագրությունը, որում Ծառուկյանն ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում։ «Փաստորեն բարի մարդկանց եւս կորոնավիրուսը չի շրջանցում)))։ Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասվում է կից գրառման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, կորոնավիրուս ունի նաեւ Ծառուկյանի որդին։ Վարակակիր է նաեւ ԲՀԿ-ական 3 պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը եւ Վահե Էնֆիաջյանը։

Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 14 վարակակիր: Առավոտվա դրությամբ COVID-19-ով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր թիվը հասել է  25542-ի: Մահացածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել  443-ի: Նախորդ օրն արձանագրված մահվան 4 դեպքում վարակակիրը մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Արտաշատի բուժկենտրոնում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա հիվանդը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:  Ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն: Վիճակը ծանր է։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված 123 քաղաքացի սպասում է հոսպիտալացման։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ քաղաքացիներին հիվանդանոցներում տեղավորում են օրվա ընթացքում։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընդմիջվել է։ Փաստաբանները նշել են, որ սոցիալական տարածությունը չի պահպանվում, երկրորդ նախագահն էլ առաջարկել է ախտահանել դատարանի դահլիճը.

Դատավոր Դանիբեկյանի հայտարարած ընդմիջումից հետո նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Յուրի Խաչատուրովն առաջարկել է բոլորին ձեռնտու տարբերակ, որպեսզի հաջորդ նիստին դահլիճի պատրաստման պրոցեսին մասնակցեն կողմերը, եւ բոլոր վիճելի հարցերը լուծվեն: Դատավարությունը հետաձգվել է եւս մեկ շաբաթով: Հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 7-ին:

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խորհրդում: Նորընտիր անդամներից են Ռուսաստանի եւ Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետեր Անատոլի Չուբայսը եւ Էտիեն Շնայդերը: Տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրել Վլադիմիր Եվտուշենկովը: «Սիստեման»  ներդրումային հոլդինգ է, որն ակտիվներ է տնօրինում բազմաթիվ ոլորտներում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան տարեդարձը նշում է տանը` ընտանիքի անդամների հետ: Նրա գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում եւ փոխադարձաբար բոլորին է մաղթում երջանկություն և քաջառողջություն, ինչպես նաև համբերություն և լավատեսություն այս և մնացած բոլոր դժվարությունները մեր երկրում հաղթահարելու ճանապարհին:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները պահնորդական ծառայության համալրում են նկատել եւ աղմուկ բարձրացրել: Նրանք դժգոհել են, որ ամեն մի նման շարժ դժգոհության ալիք է բարձրացնում, առաջանում են մարդկանց կուտակումներ եւ կորոնյավիրուսով վարակվելու վտանգ:   Ջերմուկցների, պահնորդային ծառայության եւ ոստիկանների քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ նոր պահնորդային ծառայությունը կգործի նախորդի սկզբունքներով, 2-3 անզեն հերթապահ, մյուսները Ամուլսարի տարածքում չեն մնա:

Հայաստանում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել։ 14:33-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը  Ճամբարակից 13 կմ հարավ-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը, որը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եղբայրն էր։ Նա 2018 թվականի շարժման ակտիվիստներից էր։ Ամուսնացած էր, ուներ մանկահասակ դուստր:

Անցած գիշեր 3-ին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնած փրկարարները Կիեւյան կամրջի տակ հայտնաբերել են 27-ամյա Հայկի դին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դամով ու  կազմել  482.36 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.41 դրամով ու կազմել  540.44 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.24 դրամով ու կազմել  591.71 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել 6.81 դրամ։

Հուլիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում, նաեւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +24+26։