Հայաստանում թեստավորվելը կդառնա շաբաթը մեկ անգամ․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով այժմ ուսումնասիրվում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-նշեց նախարարը։