Ցավալի լուր. Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր: **** 21:57 Քիչ առաջ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: