Իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին. գեներալ Կարապետյան

Մեր զինված ուժերն իրենց գործողությունները փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Նման տեսակետ  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում շուրջ մեկ շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններին։

Դիտարկմանը, թե այս գործողությունների արդյունքում հակառակորդի կրած կորուստներն արդյոք հի՞մք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական բանակը մարտունակ չէ, գեներալ Օգանովսկին արձագանքեց։

«Մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Իրենք ժամանակին մեզ թերագնահատել են և ընկել են լուրջ պրոբլեմի մեջ. չի կարելի երբեք թերագնահատել թշնամուն»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհել էր, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը, Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարել էր, որ   կամավորների ավելի քան տասներեք հազարանոց բանակը պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: