ԱԺ-ում բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ քննարկումն ավարտվեց. Ինչ է որոշվել

Ազգային ժողովում բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ քննարկումն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ որևէ որոշում չի կայացվել, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչը՝ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ներկա չի եղել: Ներկա է եղել միայն վարչության պետը, ով կարող էր տալ մեկնաբանություններ, որոնք կան ԶԼՄ-ներում:

Այս պահին դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անում Ազգային ժողովի մոտ:

Կոստանյանը նշեց, թե ակնկալում էին, որ նախարարությունը լուծման տարբերակներ կառաջարկեր, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը պատգամավորներն են առաջարկներ արել, որոնց հիմքում ընկած են հենց ծնողների առաջարկները: Դրանցից մեկն այն է, որ դիմորդներին ընդունեն, առաջին կիսամյակի արդյունքերով որոշվի, թե ով կշարունակի ուսումը:

Ազգային ժողովում քննարկմանը մասնակցել են բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչները:

Այս պահին ակցիայի մասնակցիները շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք՝ հանդիպելու նախարարի հետ։

Եթե իրենց պահանջները չկատարվեն, պահանջելու են նախարարի հրաժարականը։