Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց. Պարոն Հարությունյան, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով

Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով: Որովհետեւ դուք ձեր քայլերով չեք նպաստում նրան եւ չեք ընդունում, որ իրոք թյուրիմացություն է եղել, եւ պետք է խնդրին լուծում տալ: Դուք շատ անտարբեր եք ձեզ պահում: Մենք բոլորս պահանջում եք, որ շուտափույթ ներկայանաք ԱԺ եւ մասնակցեք այս հարցով քննարկմանը: Ու շտապ որոշում կայացնեք, այն որոշումը, որը մենք առաջարկել ենք: Արայիկ Հարությունյան, դուք հաստատ լսում եք, եկեք ներկայացեք ԱԺ քննարկմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե նախարարը չգա, գնալու են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց սպասեն:

Ծնողները վրդովված են, որ ԱԺ հանձնաժողովում այս հարցով քննարկմանը ԿԳՄՍՆ-ից որպես ներկայացուցիչ եկել է վարչության պետերից մեկը, ոչ թե նախարարը, կամ գոնե փոխնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Խնդիրն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել ընդունվել այլ հայտերով, քանի որ այդ հայտերով ավելի ցածր բալերով սակայն առաջին հայտով տեղերը լրացված են եղել: