Քիմ Քարդաշյանն անկեղծացել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հոգեկան առողջության մասին

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է ամուսնու՝ ռեպեր Քանյե Ուեսթի  պահվածքը:

Ինստագրամի իր էջում արված հրապարակման մեջ Քարդաշյանը բացատրել է, որ ամուսինը բիպոլար խանգարում ունի: «Նրանք, ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը միշտ չէ, որ համընկնում են նրա մտադրությունների հետ»,- գրել է նա: Աստղը նշել է, որ երբեք դրա մասին չի բարձրաձայնել, քանի որ ցանկացել է պաշտպանել իր ամուսնու և երեխաների անձնական կյանքը, հատկապես երբ խոսքը վերաբերում է նրա առողջությանը:

«Նա հիանալի, բայց բարդ մարդ է, ով միշտ ուժեղ ճնշման տակ է գտնվում այն պատճառով, որ արտիստ է և սևամորթ»,- հայտարարել է Քարդաշյանը, ով նաև նշել է, որ ամուսնու վիճակը վատթարացել է նրա մոր մահից և մեկուսացումից հետո:

Ավելի վաղ, Քանյեն Թվիթերի իր էջում գրել էր, որ ցանկանում է բաժանվել Քիմից: Ռեպերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ փորձում է ամուսնալուծվել: Նա նաև մեղադրել է Քիմին՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ: