Ո՞վ է մեղավորը, ինչպես ադրբեջանցիները փախան ծուղակից, և ինչ կապ ունի թեմայի հետ Աննա Հակոբյանը

Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել, որը հետ է մղվել։ Նախարարությունը հայտնել էր նաև, որ հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը:

Այս տեղեկատվության վերաբերյալ «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ի կողմից փոխանցված այդ տեղեկությունը հակառակորդի՝ ծուղակից դուրս գալու պատճառ կարող էր լինել. «Չգիտեմ՝ հակառակորդը կորուստներ կրել է, թե ոչ, բայց կարողացել է ծուղակից դուրս գալ և, շատ հնարավոր է՝ դրա պատճառը այն է, որ ՊՆ-ն ընթացքի մեջ գտնվող գործողության մանրամասներ է հայտնել հանրությանը»,- ասաց Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի՝ նման տեղեկատվության տարածումը միտված էր հանրության ուշադրությունը շեղել մեկ այլ կարևոր թեմայից. «Ինձ համար անհասկանալի է դա, ես տարիներ շարունակ մեդիադաշտում որոշակի փորձ եմ ձեռք բերել, և հասկանում եմ, որ դա արվել է Աննա Հակոբյանին՝ ծաղրի ենթարկելու սոցիալական ալիքը մի կերպ կոտրելու համար և, հանուն  արդարության, ասեմ՝ այո՛, այդ ալիքը իրենց հաջողվեց կոտրել, այսինքն՝ Աննա Հակոբյանի ծաղրի ալիքը մարեց, որովհետև միանգամից սոցիալական ցանցերի ուշադրությունը գրավեց ադրբեջանցիների՝ ծուղակում հայտնվելու թեման: Ընդ որում, հաջորդ օրը մենք իմացանք՝ ադրբեջանցիները կարողացել են դուրս գալ ծուղակից. ո՞րն էր պատճառը՝ ընթացքում գտնվող գործողության մասին հանրությանը տեղեկացնել»,- ընդգծում է նա:

Դանիելյանը, այնուամենայնիվ, չի ուզում հավատալ՝ նպատակը, որ կարող էին մերոնք հետապդնել, հակառակորդին ինֆորմացիա տալն էր. «Ռազմական ճակատում՝ ընթացքում գտնվող գործողության մասին հանրությանը տեղեկացնելը որևէ պատճառ չի կարող ունենալ: Բայց, ցավոք սրտի, ստացվում է՝ նրանք խաթարել են այդ գործողությունը՝ հրապարակելով մի ինֆորմացիա, որը միտված էր փրկել Աննա Հակոբյանի իմիջը: Միգուցե, դրանից ինչ-որ օգուտ կար, որի մասին ես չգիտեմ, բայց, իմ կարծիքով, միայն վնաս կարող էր բերել»,- եզրափակեց Դանիելյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ եթե տեղեկատվության տարածումն անթույլատրելի լիներ, ապա ՊՆ-ն չէր հրապարակի․ «Եթե ՊՆ-ն նման տեղեկություն է հայտնել, ապա գտել է, որ դա նպատակահարմար է, եթե անթույլատրելի լիներ՝ չէր հրապարակվի․ ինչ-որ մեկը, եթե իր սահմանափակ մտածողությամբ ու դատողությամբ որոշում է, որ դա սխալ է՝ մենք պետք է դա չքննարկենք»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ծուղակում հակառակորդի զինծառայողներն են եղել, այդտեղից դժվար է դուրս գալը․ նրանք կա՛մ դուրս են եկել ծուղակից, կա՛մ մեռել են․ հստակ չեմ կարող ասել»,- շեշտեց փորձագետը և հավելեց․ «Ծուղակը տեղ է, որտեղ ընկնում ես ու սկսում ես պայքարել կյանքիդ համար»։

Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ենք իմանալու՝ իրականում ինչ է տեղի ունեցել․ «Մենք մեր հետախուզական միջոցներով կիմանանք, բայց հանրությանը հայտնելը հնարավոր է՝ արդեն նպատատակահարմար չլինի»,- եզրափակեց նա։

Աննա Հակոբյանի այս լուսանկարը բավականին լայն քննադատությունների առիթ հանդիսացավ: Բանն այն է, որ ԱԻՆ աշխատակիցը պատվի է առել Աննա Հակոբյանին, ինչը սահմանված չէ օրենքով և կանոնադրությամբ:

Արփինե Հակոբյան