Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 35-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արտյոմ Նիկոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում, «Նոր Ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Նիկոյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Գ․ Ամիրխանյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ա․ Ջհանգիրյանը քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարների օգնությամբ՝ դուրս են բերվել ավոտմեքենայից։ Օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել տուժածներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ՝ Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: