Ադրբեջանական կողմը կրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝  սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը  հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:

Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար:

Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ:

Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին  երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց»,-ասաց նա: