«Քո տեղը կզգացվի, հայրիկ». Խաբիբ Նուրմագոմեդովն առաջին անգամ մեկնաբանել է հոր մահը

Հուլիսի սկզբին UFC խառը մենամարտերի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հոր` Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվանից հետո մարզիկն իր ինսթագրամյան էջում առաջին անգամ մեկնաբանել է հոր մահը:

Խաբիբը հոր հետ լուսանկար է հրապարակել և խոսել տեղի ունեցածի մասին:

Իր խոսքը մարզիկը սկսել է զավակների և ծնողների հարաբերությունների մասին Ղուրանից մեջբերումով, ապա դիմել հորը. «Քո տեղը կզգացվի, հայրիկ: Դու հայր էիր, ընկեր, եղբայր և մարզիչ: Դու սովորեցրել ես ինձ գրեթե այն ամենը, ինչ ես կարողանում եմ: Հուսով եմ, գոհ էիր ինձնից: Չէ՞ որ ծնողների գոհ լինելու մեջ Ալլահի գոհ լինելն է»:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: Ավելի ուշ նրա որդին պատմել էր, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է, սակայն բարդություններ են սկսվել երիկամների և սրտի հետ կապված: Նրա մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 3-ին: