Մարտաֆիլմ հիշեցնող, կրակոցներով զուգորդված դեպք Երևանում. ծանր հանցագործության համար հետախուզվողը ավտոմատով կրակոցներ է արձակել իրավապահների ուղղությամբ. հայտնաբերվել է ավտոմատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 4 համարի պատուհանի տակ հայտնաբերվել է հանցագործության գործիք ինքնաձիգը, որն այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները առգրավում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող անձը՝ 27-ամյա Նարեկ Պոտրոսյանն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 26-ին Երևանում տեղի էր ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել էին վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին: Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի, հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել էր փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում Ն. Պետրոսյանը չնչին առիթով իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մղված, մի քանի անգամ եկել է Մալաթիա փողոցի 84/3 հասցե և Հովսեփ Պետրոսյանին պատկանող տան բակում իր մոտ եղած ավտոմատով բազմաթիվ անգամ կրակոցներ է արձակել Հ. Պետրոսյանի և վերջինիս տան ուղղությամբ, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Ն. Պետրոսյանը զանգահարել է Հ. Պետրոսյանին հեռախոսահամարին և վերջինիս հասցեին տվել սպանության սպառնալիք: Արդեն հոկտեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քր օր-ի 137 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և այն ոստիկանության Մալաթիայի բաժնից փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: