Ինչու են ամուսինները դավաճանում և ինչպես կանխել ընտանեկան դավաճանությունը

Ամուսնական դավաճանությունը մեծ մեղք է: Տեր Հիսուսն այն կոչում է շնություն: Երբ այն կատարվում է ընտանիքում, կինը կամ ամուսինը նոր են ուշքի գալիս թէ ինչու այսպես կատարվեց և ինչ անել, ինչպես հաղթահարել, ինչպես ներել ու շարունակել ապրել: Ճիշտ է, Աստուծո Որդին՝ մեր Փրկիչը արտոնություն տվեց պոռնկության պատճառով բաժանվելու, բայց սա միայն արտոնություն է, այլ ոչ թէ պատվիրան կամ հրաման: Դրա համար շատ ընտանիքներում խոհեմ ու մտածող մարդիկ սեփական անձը զոհում են ու վիրավորանքը կուլ տալիս, ներելու և ընտանիքը պահպանելու համար: Բայց գիտե՞ք, մի սպասեք, որ այդ օրը գա նոր մտածեք թէ ինչ պիտի անել ու ինչպես վարվել: Եթե այն ընտանիքները, որտեղ դավաճանություն էր եղել, պետք եղածն անեին, ապա հնարավոր էր կանխել դավաճանությունը: Իսկ ինչպես կանխել դավաճանությունը: Այսօրվա կյանքն այնքան է մեղքով ու գայթակղությունով լցված, որ այս շնությունը դեռ միլիոնավոր մարդկանց կյանքեր է ներխուժելու: Ուրեմն ինչպ՞ս կանխել ամուսնական դավաճանությունը: Եկեք նախ հասկանանք կնոջ կամ ամուսնու դավաճանության պատճառը, հետո նոր խոսենք դա կանխելու մասին: Ամեն ընտանիք իր պատճառներն ունի: Բայց կան ընտանեկան դավաճանության ընդհանուր ու մեծ պատճառներ, որոնք որոշիչ են բոլոր ընտանիքների համար, նույնիսկ երբ դա լինում է այն ընտանիքներում, ովքեր իրենց Քրիստոնյա են կոչում: Ամուսնական դավաճանությունը կատարվում է այն ժամանակ, երբ մարդը կորցնում է Աստուծո նկատմամբ երկյուղը: Այդ ժամանակ նրան էլ ոչ մի կարող ուժ ետ չի պահում գայթակղությունից: Ոչ կինը կամ ամուսինը, ոչ երեխաները, ոչ բարեկամները չեն կարող նրան ետ պահել շնությունից, եթե նա այդ պահին կորցրել է Աստուծո նկատմամբ երկյուղը: Նա էլ պատասխանատվություն չի զգում՝ ոչ հատուցման, ոչ էլ դատաստանի: Ընտանիքներում ամուսինները դավաճանում են իրար որովհետև նրան իսկապես իրար հետ ու իրար համար չեն աղոթում, կամ ընդհանրապես չեն աղոթում: Ամեն օր Աստվածաշունչը չեն սովորում: Երբ սկսում են բացակայել Պատարագից ու ամեն Կիրակի Պատարագի չեն մասնակցում որպեսզի Քրիստոսին՝ մեր Փրկչին ընդունեն իրենց մեջ: Ու այսպիսով մարդն աստիճանաբար կորցնում է իր մարդկային ինքնությունը, նրա կորցնում է իր Քրիստոնեական ինքնությունը, բնութագիրը, նա կորցնում է իր բարոյական ու էթիկական արժեքները, որովհետև նա արդեն կորցրել է իր հոգևոր արժեքը: Նա դադարել է երկյուղել Աստծուց: Ու այսպիսով մարդը սկսում է դառնալ նյութապաշտ: Ինչքան էլ ինքն ասի «ես Քրիստոնեա եմ», ինքը դարձել է նյութապաշտ, աշխարհիկ ու հաճույքասեր: Ու նա դառնում է մի մարդը, որը ամոթի ոչ մի զգացում իր սրտում չունի ոչ իր մտքերի, ոչ իր խոսքերի, ոչ էլ իր գործերի համար: Սա մի օր անպայման կդավաճանի իր կնոջը կամ իր ամուսնուն՝ նայած գայթակղության ուժից: Իսկ հնարավո՞ր է ամուսնական դավաճանությունը կանխել: Այո, եթե ընտանիքներում ամուսինն ու կինը, կամ գոնե մեկը, անի այն բոլոր բաները, որի մասին քիչ առաջ նշեցի, որպեսզի իրենց ընտանիքում միշտ բարձր պահվեն հոգևոր արժեքները: Ձեր ընտանիքում սիրեք Աստծուն: Երբ որ ասում էք Աստված ի նկատի մի ունեցեք ձեր ցանկությունների կատարողը, այլ Քրիստոսին, իրական Աստծուն ու իր պատվիրաններին: Ամեն օր մի քանի անգամ աղոթեք: Սկսեք աղոթել միասին ու իրար համար, ձեր երեխաներին համար: Ամեն օր Աստվածաշունչը կարդացեք: Տան մեջ բարձր կարդացեք մեկդ մեկի համար և ձեր երեխաների համար: Սնահավատ բաների ետևից մի ընկեք ու ձեր միտքը մի զբաղեցրեք այդ բաներով, այլ դրա փոխարեն ամեն Կիրակի Սբ. Պատարագին մասնակցեք Քրիստոսի հետ իսկապես հաղորդվելու նպատակով ու ծարավով: Միասին բարի գործեր արեք, ծածուկ ու թաքուն, որպեսզի մարդկանց երևալու համար չլինի, այլ որպեսզի Աստծուց վարձ ստանանք: Ամեն ինչի մեջ նախ և առաջ Աստուծո հետ ապրելը փնտրեք ու նրա արդարությունը: Եվ այս ամենից հետո, մնացած բաները ձեզ կտրվի ավելիով: Տեսնու՞մ էք, այս ամենն անելով, դուք ձեր կյանքն ու ամուսնությունը, ձեր ընտանիքն ու տունը կսարեք ամուր հոգևոր հիմքի վրա: Հոգևորն ավելի բարձր է քան բարոյականը: Եթե հոգևորը փլվի, բարոյականը չի դիմանա ամեն փորձության: Ուրեմն այս բարի բաներն անելով, դուք ձեր տունն ու սերը կկառուցեք իրական ժայռի վրա, որը կլինի ամուր ու կյանքի գայթակղությունները ինչքան էլ գան, չեն կարող դրան սասանել: Այդ ժայռը Քրիստոսն է: Եթե ձեր ընտանիքն ու սերը Քրիստոսի վրա կառուցված եղավ, այն կլինի անսասան, ամեն ինչի կդիմանա, ոչ մի բան չի կարող այն քանդել: Դա նման է տունը ժայռի վրա կառուցելուն: Իսկ եթե ձեր ընտանիքը պարզապես միայն խարխուլ սիրո ու խարխուլ բարոյականության վրա կառուցված լինի, ապա դա նման կլինի ծովի ափին տունը կառուցել ավազի վրա: Երբ փոթորիկ ու մեծ ալիքներ լինեն, այն կքանդվի: