Կարելի՞ է արդյոք «չիպավորել» ուղեղը կորոնավիրուսի թեստավորման ժամանակ

Կորոնավիրուսի թեստավորման համար սովորաբար քսուք են վերցնում բկանցքից։ Սոցիալական ցանցերում առ այսօր կարելի է գտնել բազմաթիվ հայտարարություններ, որ կարծես այդ գործընթացի ժամանակ մարդու ուղեղի մեջ չիպ, վիրուսներ կամ ինչ-որ վտանգավոր քիմիական նյութեր են տեղադրվում, որոնք վնասում են ուղեղը։

Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այդ պնդումները։ Դա ստուգել է Reuters Fact Check team-ը։

Սոցցանցերում թեստավորման ժամանակ «չիպավորման» մասին գրառումների բազմաթիվ հեղինակներ հղում են անում ոմն Ջիմ Սթոունի հոդվածին (82.221.129.208/.vh7.html), որը բավականին տարածվել է սոցիալական ցանցերում։ Այդ գրառումներում օգտատերերը պնդում են, որ կարելի է չիպ տեղադրել կամ վարակել մարդու ուղեղը պոտենցիալ վտանգավոր վիրուսներով բկանցքից բամբակյա ծայրով երկար փայտիկի միջոցով քսուք վերցնելու ժամանակ։

Այդ բոլոր պնդումները, բնականաբար, ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը։ Նախ քսուքներ վերցնելու համար գործիքը ստերիլ է, եւ չկան հիմքեր ենթադրելու, որ դրանց վրա կարող են լինել վիրուսներ կամ ինչ-որ այլ սուբստանցիաներ։ Դեռ ավելին, անատոմիական առումով անհնար է տեղադրել ինչ-որ բան մարդու ուղեղի մեջ բկանցքից քսուք վերցնելու միջոցով։

Հարկ է նաեւ նշել, որ այսօրվա դրությամբ գոյություն չունեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստեղծել այնքան փոքր սարք («չիպ»), որ այն հնարավոր չլիներ տեսնել անզեն աչքով, եւ որը կարող է երկար ժամանակ աշխատել ինքնուրույն՝ առանց լիցքավորման։ Այդօրինակ սարքերը մենք կարող ենք տեսնել ֆանտաստիկ ֆիլմերում, սակայն ոչ իրական կյանքում։

Կարելի է եզրակացնել, որ կորոնավիրուսի թեստերի մասին բոլոր մտահոգություններն անհիմն են․ չկան հիմքեր դրանցից վախենալու կամ հրաժարվելու համար։