Ազգությամբ հույն 27-ամյա տղամարդը Ղարիբջանյան գյուղի դաշտում ինքնասպանության փորձ է արել

Գյումրիում այսօր՝ հուլիսի 23-ին ազգությամբ հույն տղամարդ է փորձել ինքնասպան լինել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը՝ Դ․Տ-ն բնակվում է Գյումրիի Մուշ թաղամասում, փորձել է ինքնապանություն գործել Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի հարակից դաշտերից մեկում ծառից կախվելու միջոցով։

Տղամարդու ինքնասպանությունը կանխել է կինը, ինչից հետո նրան  շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ երիտասարդի վիճակը այս պահին գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։

«Տղամարդը հիվանդանոց է ընդունվել անգիտակից, կոմատոզ ծանր վիճակում: Առկա են եղել ստրանգուլյացիոն ասֆիքսիա, նաև ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով»,- նշեց Ա․ Խաչատրյանը:

ՀՀ ոստիկանության  լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց այս տեղեկությունը, և նշեց, որ  այսօր  առավոտյան ժամը 11․00-ին շտապօգնությունից Ախուրյանի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքից կոմատոզ վիճակում, ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով Գյումրի Բ/Կ է  տեղափոխվել 1993 թվականին ծնված քաղաքացի։

Պարզվել է, որ տղամարդը Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքի Ախուրյան գետի հարևանությամբ գտնվող ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է կնոջ կողմից: Կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են։

Ի դեպ, նշենք, որ Դ․  Տ.-ն ազգությամբ հույն է: