Դժգոհ են վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարից ու կոռուպցիայից, պահանջում են նրա հրաժարականը

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Իսրայելում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաներին՝ ներկայացնելով ցուցարարների և իրավապահների բախումների մի շարք կադրեր:

Անցած երեքշաբթի մոտ 2 հազար իսրայելցի բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ հավաքվելով Երուսաղեմում նրա նստավայրի մոտ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները բողոքել են, թե ինչպես է Նեթանյահուն պայքարում կորոնավիրուսային համավարակի դեմ, ինչպես նաև իրենց դժգոհությունն են հայտնել նրա ենթադրյալ մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի առնչությամբ:

Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը: Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, բերման են ենթարկվել բազմաթիվ մարդիկ:

Այնուհետև ցուցարարները վարչապետի նստավայրի մոտից շարժվել են դեպի խորհրդարանի շենք:

Աղբյուրը նկատում է, որ կառավարությունը վերականգնել է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, ինչն էլ բարկացրել է քաղաքացիներին, որոնք պահանջում են ավելացնել պետության կողմից աջակցության չափը: