Միայն 2019-ին ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը 21,5 մլրդ դրամ է եղել․ բա էլ որտեղի՞ց բավականացնի թոշակների, աշխատավարձերի համար

Եթե ՀՀ շարքային քաղաքացու հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա, անկասկած, մեծամասնությունը կնշի կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ՝ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք (երեկվա բազմաժանր լայվը՝ եւս), որտեղ երկրի վարչապետն այդ մասին չխոսի, ընդ որում՝ պարտադիր վիրավորական արտահայտություններ օգտագործելով: Չկա ԱԺ որևէ պատգամավոր, որը անհարմար հարցերից խոսափելու համար կամ չիմացած հարցի պատասխանի փոխարեն չսկսի խոսել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց արձանագրած հաղթանակներից: Ու ինչքան «որակյալ» է «ազգընտիրը» («նիկոլընտիրը»), այնքան ավելի գռեհիկ, մակերեսային ու վուլգար է նրա` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսքը:

Ընդ որում, կարևոր է նաև այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու կենտրոնական միջոցներից մեկը: Ասում են` «թալանածը» բերում են հետ ու բաժանում ժողովրդին: Եկեք տեսնենք:

Առաջարկում եմ ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ու ԹՎԱՅԻՆ տարբերակին:

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է 2018 և 2019 թվականների հանցագործությունների քննության վերաբերյալ տարեկան հաղորդումը և տեղեկատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է երկու տեղեկանք`մեկը նվիրված բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքներին, մյուսը՝ միայն կոռուպցիոն հանցագործություններին, այսինքն` վարչապետի սիրելի տերմինաբանությամբ՝ թալանչիների ու կոռուպցիոներների վերաբերյալ միշտ հրապարակվում են առանձին տեղեկություններ: Տեղեկանքների համադրության արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը․

✅ 2019 թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 ՀՀ դրամ, այսինքն` մոտ ՄԵԿ մլրդ դրամ: Այսինքն` վերականգնվել է ճիշտ այնքան, որքան, ըստ վարչապետի երեկվա լայվի ու իր քարոզիչների, ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ: Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյանների պարգևատրման ֆոնդը:

 Նույն 2019 թվականի ընթացքում ԲՈԼՈՐ տեսակի հանցագործություններով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 12.4 միլիարդ դրամ:

Միայն 2019 թվականի ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը, ըստ պաշտոնական աղբյուրների, 21,5 ( ՔՍԱՆՄԵԿ) մլրդ է: Բա էլ որտեղի՞ց բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար։

Ի դեպ`

✅ 2018թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938. 873.757 ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 4 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 28 մլրդ:
Այսինքն՝ ըստ դատախազություն հրապարակումների՝ 2018-2019 թվականներին ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով վերականգնված գումարը ( այսինքն՝ տոտալ իրավական վակխանալիայի պայմաններում վերականգնվածը) կազմում է մոտ 5 (ՀԻՆԳ) մլրդ դրամ:

Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: Էլ որտե՞ղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:

Հ.Գ. Հետաքրքիր է մեր հարգարժան իշխանությունն ինչպես է պարգեւավճար բաժանելու այն դեպքերում, երբ մարդկանցից գույք, այլ ոչ թե գումար վերցնի:

Հ.Հ.Գ. Այս թվերի մեջ արտացոլված չեն տարբեր կաբինետներում ձեռքբերված պայմանավորվածությունների ու «նվերների» արդյունքում տրված գումարները։ Դրանք բյուջեի ոչ եկամտային, ոչ էլ ծախսային մասում չեն երեւում։