15-ամյա հայ աղջիկը 10․000 դրամի դիմաց պարսիկ զբոսաշրջիկին սեռական ծառայություն է առաջարկել

15-ամյա Ի. Ե.-ն 2012թ. սեպտեմբերի 23-ին, իր ծանոթ Ա. Գ.-ի հետ, Հյուսիսային պողոտայում զբոսնելիս մոտեցել են երկու անծանոթ պարսիկների և առաջարկել են 10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ, որից հետո նրանց ներկայացել են Անի և Էլեն անուններով։

Այնուհետև նշված անձանց հետ գնացել են Հանրապետության հրապարակում գտնվող «Սենյոր» հյուրանոց, որտեղ Ա.Գ.-ն նրանցից մեկի հետ առանձնացել է մի սենյակում, իսկ ինքը մյուսի հետ` հարևանությամբ գտնվող սենյակում։ Երբ իր հետ նույն սենյակում գտնվող տղամարդը գնացել է լոգարան և հագուստները թողել է սենյակում` ինքը գողացել է վերջինիս դրամապանակը, որից հետո Ա. Գ.-ի հետ միասին արագ հեռացել են։

Դրամապանակի մեջ եղել է 40,000 ՀՀ դրամ, 61063 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405,000 ՀՀ դրամին համարժեք 3,000,000 պարսկական թուման, բանկային քարտեր, ընդամենը` 506,063 ՀՀ դրամ:

Վկա Հ. Գ.-ի ցուցմունքներով` 2012թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 22։00-ի սահմաններում, «Սենյոր» հյուրանոցի դիմաց նկատել են, որ նշված հյուրանոցից վազելով դուրս են եկել երկու աղջիկներ և հեռացել։ Դրանից մի քանի րոպե անց, նույն հյուրանոցից դուրս են եկել երկու ԻԻՀ քաղաքացիներ և հայտնել, որ այդ աղջիկները գողացել են իրենց դրամապանակը, որի մեջ եղել են գումարներ, փաստաթղթեր և բանկային քարտ։ Օգնելու նպատակով նրանց ուղեկցել են ոստիկանության բաժին։

Հաջորդ օրը, Հյուսիսային պողոտայում պատահաբար հանդիպել են նշված աղջիկներից մեկին և նրանից վերցրել են պարսիկներից գողացված փաստաթղթերն ու բանկային քարտը, որոնք հետագայում փոխանցել են նշված պարսիկներին։

Օրեր անց Ի. Ե.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:

Դատարանը հաշվի է առել այն, որ Ի. Ե.-ի դաստիարակությամբ և խնամքով զբաղվել է մայրը` օրինական ներկայացուցիչ Ա. Մ.-ն։ Նրանց ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, Ի. Ե.-նի կյանքի և դաստիարակության պայմանները բարվոք են, հոգեկան զարգացման աստիճանը և ընդհանուր զարգացման վիճակը` բավարար։

Ամբաստանյալ Ի. Ե.-ն իրեն վերագրվող արարքը կատարել է 15 տարեկան հասակում, այժմ տասնվեց տարեկան անչափահաս է, նախկինում դատված չի եղել, ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմնին, անկեղծորեն զղջացել է կատարածի համար։

Հաշվի առնելով գործի հանգամանքները և վերոգրյալը` դատարանը որոշել է, որ անչափահաս ամբաստանյալ Ի. Ե.-ի հանրության համար վտանգավոր լինելու աստիճանը նվազել է և անչափահաս Ի. Ե.-ի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ։