«Տպավորիչ նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից Անահիտ Մսրյանը՝ 24-ամյակի անակնկալի և իր կյանքի բարդ ճանապարհների մասին

Դերասանուհի Անահիտ Մսրյանը, որն իր դեբյուտային դերը խաղաց «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, այսօր նշում է 24-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ խնջույք չի կազմակերպելու:

«Այսօրվա համար ոչինչ չեմ ծրագրել, քանի որ պետք է նկարահանումներ ունենայի, նաև երկրի իրավիճակով պայմանավորված չէի ուզում մեծ խնջույք կազմակերպել: Երեկ ընկերուհիս՝ դերասանուհի Էրմինա Զախարովան, ինձ իրենց տուն հրավիրեց, կեսգիշերին ընկերներս ինձ անակնկալի բերեցին: Տորթով, ծաղիկներով եկան, շատ լավ անցավ ամեն ինչ: Առհասարակ, անակնկալներ շատ եմ սիրում, ընկերներս գիտեն այդ մասին: Այսօր օրս կանցկացնեմ ընտանիքիս անդամների հետ: Թեև միշտ էլ սիրել եմ ծննդյանս օրը խնջույք կազմակերպել, հավաքվել ընկերներիս հետ, այսօր խնջույք չեմ ունենա»,- պատմեց նա:

Անահիտի խոսքով՝ ավելի շատ սիրում է նվիրել, քան նվերներ ստանալ: «Չնայած դրան՝ այսօր արդեն շատ տպավորիչ նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից: Ես թռչուններ շատ եմ սիրում, նա էլ հատուկ ինձ համար ծիտիկներով արծաթյա, ոսկեջրած վզնոց է նվիրել, ձեռքի աշխատանք է»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ 24-ն իր համար ռոմանտիկ տարիք է, սիրահարված է աշխատանքին: «Նպատակներս, հիմնականում, կապված են մասնագիտությանս հետ: Շատ կցանկանամ այս տարի աշխատանքի անցել թատրոնում, նոր առաջարկներ ստանալ: Իմ ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում նկարահանվելը, որովհետև Ելենա Արշակյանն ինձ հարթակ տվեց: Ճիշտ է, մասնագիտական կրթություն ունեի, բայց անփորձ էի, սկսնակ: Իմ կյանքի ճանապարհները բարդ են եղել, բայց սիրում եմ հենց դեպի նպատակ տանող ճանապարհը: Նկարահանվելն ինձ հեշտ չի տրվել, շատ եմ փորձել, մինչև ստացվել է»,- նկատեց նա:

Անահիտը շեշտեց, որ երազկոտ մարդ է, տորթի մոմերը փչելու պահի հետ երազանքներ կապում է, բայց ուղղակի չի երազում: «Դրանք նպատակների եմ վերածում: ժամանակի խնդիր չունեմ, չեմ շտապում, կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին է լինում: Չեմ սիրում մտածել՝ ժամանակն անցավ կամ տվյալ բանը չեղավ: Չստացվելուց չեմ հուսահատվում կամ կոտրվում, լավատես մարդ եմ: Միշտ եմ այդպես մտածել, լավատես լինելն օգնում է ավելի հեշտ ապրել»,- ընդգծեց Անահիտը:

Դերասանուհին պատմեց, որ իր ամենաուրախ հիշողությունները կապված են պապիկի՝ երջանկահիշատակ  դերասան Վլադիմիր Մսրյանի հետ: «Ամենաուրախ ծննդյանս օրերից մեկն էր, երբ պապիկս ողջ էր, ինձ անակնկալ էին մատուցել կեսգիշերին: Նա այնքան ջերմ մարդ էր, սիրում էր անակնկալներ մատուցել, ցույց տալ իր սերը»,- եզրափակեց Անահիտը: